Ալիևը փորձում է Հայաստանից ոչ միայն անկլավներ ստանալ, այլև դաշտեր, հողատարածքներ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում, բարդ է ասել, թե ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը՝ հաշվի առնելով, թե Հայաստանում ինչպիսի իշխանություն է ձևավորված, և առկա սպառնալիքներին ինչպես է հակազդում։
«Ինքնին Հարավային Կովկասը գտնվում է բարդ իրավիճակում։ Այն լարվածության օջախները, որոնք եղել են որոշակի պարբերականությամբ ու սրմամբ, դրանք որևէ ձևով չեն լիցքաթափվել։
Իսկ Իսրայելա-պաղեստինյան լարվածությունը մեծ ռեգիոնին շատ ավելի մեծ լարվածություն է բերել, հատկապես, որ երրորդ կողմից ամեն ինչ արվում է մեր հարևան Իրանին այդ լարվածության մեջ ներգրավելու համար։ Բնական է, որ ցանկացած իրավիճակային զարգացում, անկախ նրանից, թե դա ինչ ընթացք կունենա, որ դերակատարների ավելացմամբ կամ նվազմամբ, կարող է իր ծանր ազդեցությունը թողնել Հարավային Կովկասի վրա։ Հատկապես, որ կա մեկ առանձնահատկություն, այն է, որ առաջին հայացքից շատերի համար թվացող խնդիրն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է, և այս իշխանությունների կողմից Արցախի հանձնումը որոշ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծել, որ խնդիրը դրանով ամբողջությամբ կարգավորվելու է և հնարավոր է լինելու Հարավային Կովկասում խաղաղություն ապահովել։ Սակայն Արցախի հանձնումից հետո, որը նաև տարիներ շարունակ պաշտպանական կարևոր ֆունկցիա է կատարել բուն Հայաստանի համար, նոր լարվածություն է ստեղծվել։ Ադրբեջանն իր հաջողություններով ոգևորված՝ փորձում է դա զարգացնել»,- դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, այս պահին Ադրբեջանի խնդիրը հետևյալն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն այսօր վերահսկողություն է սահմանել և ուղիղ օկուպացիայի է ենթարկել ՀՀ մեծ թվով բնակավայրեր, ամեն ինչ անում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը ոչ միայն պահպանելու, այլև «անկլավների» անվան տակ ստանալու նոր զիջումներ։
«Սա միայն կոնկրետ այդ անկլավի վարչական տարածքին չի վերաբերում, դա շատ ավելի մեծ տարածք է ենթադրում ՝ դաշտեր, հողատարածքներ և այլն։ Բնականաբար, Ադրբեջանի խնդիրն այստեղ ոչ թե խաղաղության հասնելն է, այլ Հայաստանից մաքսիմալ պոկելը»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում