ԵԱՏՄ-ն 24 մլրդ դոլար է ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շնորհիվ․ Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համատեղ աշխատանքի շնորհիվ արդեն շուրջ 24 մլրդ դոլարի ներդրում են ստացել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։
«Բայց այդ ծավալն աճում է, քանի որ ավելանում է փոխշահավետ նախագծերի քանակը»,- նշել է նա:
Պուտինը նշել է, որ այդ որոշումները ձեռնտու են ոչ միայն այն երկրներին, որոնք ինչ-ինչ վարկեր են ստանում նախաձեռնության շրջանակներում. «Դրանք ձեռնտու են նաև ՉԺՀ-ին, քանի որ Չինաստանն էլ այդ նախագծերի իրականացումից ստանում է արտադրանք, ստանում է պայմաններ ավելի լավ և ավելի շատ զարգացման համար»:
«Այս ամենն արվում է փոխադարձ շահի հիման վրա»,- ընդգծել է նա:
Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ յուրաքանչյուր երկիր երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում միաժամանակ ընտրում է, թե ինչն է իրեն ձեռնտու, ինչը՝ ոչ:
«Ոչ ոք ոչինչ չի պարտադրում։ Բայց չէ՞ որ խթանում է, պայմաններ է ստեղծում զարգացման համար»,- նշել է նա։
Պուտինի գնահատմամբ՝ նույնը կարելի է ասել լոգիստիկ, ենթակառուցվածքային օբյեկտների զարգացման մասին։
«Մենք Չինաստանի հետ Ամուր գետի վրայով երկու կամուրջ ենք կառուցել վերջերս։ Իմ կարծիքով, դա մարդկանց համար էլ է լավ. ավելանում է մարդկանց թիվը, որոնք միմյանց հետ շփվում են, դա բիզնեսի համար էլ է լավ, տնտեսության զարգացման համար էլ է լավ, քանի որ թույլ է տալիս ավելացնել ապրանքաշրջանառությունը»,-նկատել է Պուտինը։
Պատասխանելով այն հարցին, թե «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը ինչ նշանակություն ունի ամբողջ աշխարհի համար, Պուտինը հիշեցրել է ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման 17 նպատակները: Նա նշել է, որ շրջակա միջավայրի համար պայքարը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը «շատ կարևոր ուղղություններ են, բայց միակը չեն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-18-ը Չինաստանի մայրաքաղաքում կանցկացվի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովը: ՌԴ նախագահը ծրագրում է մասնակցել դրան։ Ընդ որում, Կրեմլում ակնկալում են, որ ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ծինփինի հետ նրանք «ժամանակ կգտնեն, որպեսզի փոխվստահությամբ շփվեն դեմ առ դեմ»:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը հայեցակարգ է, որն առաջարկվել է 2013 թվականին Սի Ծինփինի կողմից՝ շահագրգիռ երկրների մասնակցությամբ միջազգային բազմակողմ առևտրային և ներդրումային նախագծերի ակտիվացման և չինական, ինչպես նաև արտասահմանյան կապիտալի օգտագործման նպատակով: Դրան արդեն միացել է ավելի քան 150 պետություն և ավելի քան 30 միջազգային կազմակերպություն։