Արցախի ինքնալուծարման մասին նախագահի հրամանագիրը պետք է վիճարկվի Արցախի Գերագույն դատարանում․ Արթուր Ղամբարյան

Սահմանադրությունները, որոնք նախատեսում են պետության գլխի լիազորությունները, պետականաստեղծ ակտեր են։ Սահմանադրությունների հիման վրա ստեղծվում են պետություններ, և Սահմանադրությունը չի կարող պարունակել մի նորմ, դրույթ, որը կնախատեսի պետության լուծարման, ինքնալուծարման, պետության գոյության դադարեցման վերաբերյալ որևէ ընթացակարգ։ Չկա այդպիսի Սահմանադրություն, որը նման լիազորություն կնախատեսի։ Այսօր տեսաբանները մտածում են պետությունների գոյության դադարեցման հարցի մասին, բայց պետությունները դադարեցնում են իրենց գոյությունը բացառապես փաստացի։ Հնարավոր է՝ հետո իրավաբանական ակտերով հաստատվի այդ գործընթացը, ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումը հաստատվեց որոշակի փաստաթղթով, բայց փաստն է հաստատվում իրավական ակտերով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Արթուր Ղամբարյանը։

«Օրինակ, ԽՍՀՄ-ը փլուզվեց, ստեղծվեց ԱՊՀ-ն, և այդ փաստաթղթի մեջ ֆիքսվեց նաև այն փաստը, որ ԽՍՀՄ-ն այլևս փաստացի գոյություն չունի։ Ուղղակի զարմանալի է, որ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել պետական մարմինները լուծարելու, այսինքն՝ պետության՝ որպես քաղաքական կազմակերպության, գոյությունը դադարեցնելու մասին։ Պետք է փորձել հասկանալ՝ այդ հրամանագիրը ստորագրելիս նա ո՞ր նորմով է ղեկավարվել։ Դա Սահմանադրության այն նորմն է, որը նախագահին ընդհանուր առմամբ տալիս է հրամանագրեր ընդունելու լիազորություն։ Բայց Սահմանադրությունը և օրենքներն ասում են, թե նախագահը հատկապես որ հարցերի վերաբերյալ կարող է նման հրամանագրեր ստորագրել։ Ո՛չ Արցախի Հանրապետության, ո՛չ էլ որևէ այլ պետության սահմանադրության մեջ չի կարող նման կարգավորում նախատեսվել»,- ասաց ՀՀ վաստակավոր իրավաբանը։

«Ցավալի է, որ նման հրամանագիր է ստորագրվել։ Դժվար է ասել՝ քաղաքական ինչ պայմաններում է ստորագրվել այդ փաստաթուղթը, բայց այնուամենայնիվ՝ ցանկալի չէր իրավաբանորեն ձևակերպել փաստացի գոյություն չունեցող պետության՝ գոյություն չունենալու փաստը։ Միգուցե դա լուրջ փաստարկ չէ, բայց դժվար է կանխատեսել՝ ապագայում ինչ իրավաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակներ կփոխվեն, և այդ փաստաթուղթն ինչպես կօգտագործվի։ Հետևաբար՝ մուրճով մի վերջին անգամ հարվածել և իրավաբանական իմաստով տալ պետության վերջը՝ անընդունելի է։ Երբ ստորագրվում էր այդ հրամանագիրը, քանի՞ արցախցի էր այնտեղ գտնվում։ Արդեն իսկ շատերը տեղափոխվել էին ՀՀ, կարելի է այս փաստարկն օգտագործել։ Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, թե որն է իրական պատճառը, որ ստորագրվեց այս փաստաթուղթը»,- նշեց Արթուր Ղամբարյանը։

Պրոֆեսորի կարծիքով՝ իրավաբանական հանրույթը դիրքորոշում ունի, որ նախագահի ստորագրած այդ հրամանագիրը կարելի է վիճարկել Գերագույն դատարանում, քանի որ այն Արցախի սահմանադրական արդարադատությունն իրականացնող մարմինն է․ «90-ական թվականներին եղել է անգամ վտարանդի կառավարության գաղափար։ Եթե լիներ կամք և ցանկություն, կարելի էր քննարկել տարբեր ձևաչափերով գոնե իրավաբանորեն պետության գոյությունը պահպանելու տարբերակներ։ 90-ականներին, երբ ԽՍՀՄ փլուզման գործընթացում հանրապետություններն անկախացան, նրանցից շատերը նշեցին, որ վերականգնում են անկախությունը, ոչ թե հռչակում են այն։ Հիմնավորումն այն էր, որ իրենց պետությունների գոյությունն իրավաբանորեն չի դադարել, նրանց բռնազավթել են, հետևաբար՝ պետք էր վերահաստատել պետականությունը։ Ցանկալի չէր այս ողբերգության պայմաններում այս ամենը նաև իրավաբանորեն վերջնականապես ձևակերպելը»:

«Տարիներ առաջ մենք էլ տարբեր ձևաչափերով ասում էինք, թե Արցախի հարցը փակ է, այն այլևս գոյություն չունի։ Այսօր մենք սկսել ենք խոսել ինքնորոշման իրավունքի մասին, բայց նախորդ տասնամյակներում այն պիտի ֆիքսվեր, ապահովվեր, և դրա իրացումը հասներ այն աստիճանին, որ այն զուգակցվեր տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Երբեմն միջազգային իրավունքի սկզբունքներն ընդհանրական գաղափարներ են, և կոնկրետ իրավիճակում դրանք կարող են իրար հետ մրցակցել, բայց չհակասել։ Յուրաքանչյուր դեպքում պետք է հակակշռման միջոցով որոշել, թե այս պահին որ սկզբունքն է ավելի կարևոր»,- ամփոփեց Արթուր Ղամբարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս