
Կենտրոնական Ասիայի երկրները կստորագրեն համաձայնագիր Չինաստանից Իրանի տարածքով դեպի ԵՄ նոր փոխադրամիջանցքի մասին

Կենտրոնական Ասիայի երկրներն աշխատում են Չինաստանից Իրանի տարածքով դեպի Եվրամիության երկրներ նոր տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծման շուրջ համաձայնագրի ստորագրման վրա։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնում է Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության՝ ուզբեկական կողմի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել բանակցություններ Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի և Թուրքիայի տրանսպորտային և երկաթուղային գերատեսչությունների ներկայացուցիչների միջև։
«Հանդիպմանը քննարկվել են կարևոր հարցեր`կապված «Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա-Եվրոպա» միջազգային փոխադրամիջանցքի ստեղծման համաձայնագրի ստորագրման հետ», – ասված է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունում նշել են, որ միջոցառման մասնակիցները համակարծիք են եղել, որ նոր միջազգային փոխադրամիջանցքի ստեղծումը համապատասխանում է դրա բոլոր մասնակիցների շահերին և նոր հնարավորություններ կստեղծի տարանցիկ փոխադրումների և երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման համար։