Ոչ ներազդել ենք, ոչ «առևտուր ենք» արել որևէ մեկի հետ. Ավինյանը՝ ավագանու նիստին «Հանրային ձայնի» մասնակցության մասին
Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ իրենց քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը որևէ կերպ չի ներազդել, որ ավագանու առաջին նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրեին, բավարար թվով անդամներ ներկայանային:
Ավինյանն այս մասին վստահեցրեց իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը՝ Ավինյանը քաղաքապետ է ընտրվել նաև նրա շնորհիվ, որ «Հանրային ձայն» խմբակցության անդամները մասնակցել են ավագանու առաջին նիստին, հիմա «Հանրային ձայն»-ի ընտրական ցուցակի առաջին համարի կինն ազատ է արձակվել, արդյոք դա՞ է խոստացվել մասնակցության դիմաց:
«Մենք առհասարակ նման առևտուրների մեջ չենք մտել և չենք պատրաստվում մտնել: Այն հարցերը, որոնք վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, չենք կարող առհասարակ առևտրի առարկա դարձնել, քանի որ առհասարակ այդ դաշտ չենք էլ մտնում»,-ասաց Ավինյանը:
Նա վստահեցրեց, որ այն, ինչ տեղի է ունենում դատական, իրավապահ համակարգում, տեղի է ունենում անկախ այն գործընթացներից, որոնք լինում են քաղաքական դաշտում և ավագանու նիստերում:
«Ավագանու նիստերին մասնակցել-չմասնակցելու հետ կապված տարբեր ուժեր իրենց դիրքորոշումները հայտնել են հանրայնորեն: Մենք այդտեղ որևէ կերպ ոչ ներազդել ենք, ոչ առևտուր ենք արել որևէ մեկի հետ: Հատուկ շեշտել ենք, որ կա ուժերի տեսակ, ում հետ մենք որևէ կերպ որևէ գաղափար չենք կիսում և իրենց հետ նույնիսկ քննարկելու բան էլ չունենք»,-ասաց Երևանի քաղաքապետը:
Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ընտրվել ավագանու հոկտեմբերի 10-ի նիստում՝ 32 կողմ, 5 դեմ ձայներով: Նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամները: Ավելի վաղ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ բոյկոտում են ավագանու առաջին նիստը, չեն մասնակցելու, որ քվորում չապահովվի, քաղաքապետ չընտրվի, որպեսզի ավագանու նոր ընտրություններ անցկացվեն: «Ազգային առաջընթաց»-ի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը նշել էր, որ սպասում են «Հանրային ձայն»-ի դիրքորոշմանը, եթե այդ խմբակցությունից անգամ մեկ անդամ ներկա լինի, ապա նիստը կկայանա, և կընտրվի իշխանական թեկնածու: «Հանրային ձայնը» մասնակցել էր ավագանու առաջին նիստին: