Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն է բացում հետախուզական նպատակով. Վարուժան Գեղամյան

Հայաստանի իշխանության կողմից Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան այցելեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան։

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կնշանակի Երևանում և հյուպատոսություն կբացի Սյունիքում։

«Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում, կունենանք ռազմական կցորդ Երևանում, շուտով նաև հյուպատոսություն կբացենք Սյունիքի մարզում՝ սահմանամերձ հատվածում»,- ասաց Կոլոնան։

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանի համար Ֆրանսիայի կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելու պատրաստակամությունն ամենևին էլ հայկական շահը սպասարկելու տիրույթում չէ։

Կարդացեք նաև

 «Ֆրանսայի ներկայությունը պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը, կորցնելով Աֆրիկայում իր դերակատարությունը, հիմա ցանկանում է Հարավային Կովկասում ազդեցություն ունենալ, հետո այդ ազդեցությունն այլ տեղ վաճառելու համար։ Դրանից բացի, Ֆրանսիան հանդիսանում է կոլեկտիվ Արևմուտքի գլխավոր բանակցողը Հայաստանում այն պարզ պատճառով, որ Հայաստանում ունի դրական ընկալում, թեև պատմականորեն դրա հիմքը չկա։ Հիմա այդ երկիրը Սյունիքում հյուպատոսություն է ցանկանում ունենալ՝ բնավ ոչ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով՝ դժվար է պատկերասցնել, որ Կապանում հայտնվեն մեծածավալ զբոսաշրջիկներ, որոնց անհրաժեշտ է հյուպատոսական ծառայություններ մատուցել, Սյունիքը նաև Հայաստանի ամենաֆրանկոֆոն հատվածը չէ, որով պայմանավորված՝ հյուպատոսության կարիք ունենա։

«Պարզ է, որ Սյունիքում հյուպատոսությունն ունենալու է խիստ ռազմական՝ հետախուզական նպատակ, որը ծառայելու է կոլեկտիվ Արևմուտքին։ Պետք է հիշել, որ Սյունիքը Մերձավոր Արևելքի ամենակարևոր 2-3 կետերից մեկն է, որտեղ բոլորն ունեն խաղաղադրույք»,- ասաց Վարուժան Գեղամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս