Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները ստորագրել են համագործակցության հուշագիր
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել՝ հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ, նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչելով «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախընտրական ծրագրերը, որոշեցինք սկսել համագործակցություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասաց Ավինյանը։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը։



