
Բայդենը, Մակրոնը, Շոլցը և Սունակը կքննարկեն Իսրայելում լարված իրավիճակն ու հետագա գործողությունները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան հեռախոսազրույց կունենան, որի ընթացքում կքննարկեն Իսրայելում սրված իրավիճակը։
Մակրոնի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցը։
Նրա խոսքով՝ սպասվում է, որ Էմանուել Մակրոնի, Ջո Բայդենի և Ռիշի Սունակի հետ հեռախոսազրույցը նախատեսվում է այսօր՝ ուշ երեկոյան, որի ընթացքում կքննարկվեն Գազայի հատվածում լարված իրավիճակն ու հետագա գործողությունները
«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միակարծիք են, որ դա տարածաշրջանում չպետք է վերածվի հրդեհի, ուստի այս իրավիճակում ոչ ոք չպետք է շարունակի խրախուսել ահաբեկչությունը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով, նրա խոսքով, շարունակվում է մտքերի սերտ փոխանակումը տարածաշրջանի գործընկերների հետ։