Հայաստան ազերիների վերադարձ, 100 միլիարդի ռեպարացիա. այս վարչախումբը սա ներկայացնելու է որպես խաղաղություն. Ռուստամյան
ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը՝ Արցախը հայաթափված է, իսկ Հայաստանը բռնել է թրքացման ճանապարհը, այն, ինչի մասին զգուշացնում էին շարունակաբար:
«Թուրք-ադրբեջանական հրոսակները հերթական անգամ աշխարհի անտարբեր հայացքի ներքո, բայց այս անգամ նաև՝ Հայաստանի աչքի առաջ, հայերի նոր ցեղասպանություն իրագործեցին: Չնայած նրան, որ միջազգայնորեն ամրագրված է՝ չմիջամտելն և անհրաժեշտ բոլոր միջոցներով ցեղասպանությունը չկանխելն ու չդատապարտելը հանցակցություն է։ Սա վերաբերում է նաև Հայաստանին։
Սա գիտակցելով էր, թերևս, Նիկոլ Փաշինյանը շտապում հայտարարել, որ Ադրբեջանի գործողությունները չեն սպառնում խաղաղ բնակչությանը, որն օգտագործվեց ու շարունակելու է օգտագործվել մեր դեմ։ Հիմա, փոխանակ պատասխան տան, թե ինչո՞ւ ցեղասպանվող ու արյունահոսող Արցախի ժողովրդին միայնակ թողեցին՝ իրենցից բազմակի գերազանցող ազերի հրոսակներին դեմ հանդիման, փորձում են Արցախում իշխանության օր օրի ծանրացող բեռի պատասխանատվությունից փախուստի դիմածներին, փոխարինման եկածներին ու ժողովրդին անտերության չմատնելու համար այդ բեռի տակ մտածներին մեղավոր կարգել։
Չի՛ ստացվի, որովհետև Արցախի ժողովուրդը շատ լավ գիտի՝ ով ով է, և նա է միակ դատավորը, ոչ թե դուք: Այս վարչախումբը, իսկապես, շատ է շտապում կատարվածն ամփոփել յուրովի և մեղավորներ նշանակել ուրիշներին: Մի՛ շտապեք: Ձեր վարած քաղաքականությունն ավելի աղետաբեր հետևանքներ է ունենալու, և դա դեռ առջևում է։
«Տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը» թեզով Արցախը հայաթափեցիք, հերթը հասավ Հայաստանի թուրքացմանը։ Արցախը հանձնվեց, բայց Հայաստանը ոչ միայն չի փրկվել, այլ հայտնվել է Ադրբեջանի դրած մյուս վերջնագրերի առջև։ Դրանք կան և ավելի հստակ կդրսևորվեն առաջիկայում, և որոնք կներկայացվեն Հայաստանին, հիմնականում՝ հետևյալ ուղղություններով՝ Ադրբեջանի պայմաններով սահմանազատում և սահմանագծում, որով կորոշվեն, թե ինչքան տարածք է մեզ հասնում, անկլավների վերադարձ, որով կվերահսկեն մեր միջպետական գլխավոր ճանապարհները, մեր ինքնիշխանության էական սահմանափակումներով՝ կապ Նախիջևանի հետ, ազերի փախստականների վերադարձ՝ մինչև 1988թ. նրանց զբաղեցրած բնակավայրեր, իհարկե, ոչ հավասարության սկզբունքով, այլ այս ընթացքում նրանց բնական աճն ի նկատի ունենալով։
Հայաստանին ներկայացվելու է ավելի քան 100 մլրդ ռեպարացիայի պահանջ՝ փոխհատուցելու Ադրբեջանի, այսպես կոչված, կորուստները՝ սկսած 1988 թ.-ից։ Սրանք լրջագույն սպառնալիքներ են առաջացնելու՝ ուղղված մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, և, որ չափազանց կարևոր է՝ մեր դեմոգրաֆիական անվտանգությանը»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ այս վարչախումբը սա ներկայացնելու է՝ որպես մեր կադաստրի թուղթը և որպես կատարյալ խաղաղություն և անվտանգություն, որի երաշխավորը ոչ թե մենք ենք լինելու, այլ Ադրբեջանը:
Մանրամասները՝ տեսանյութում