Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը ԼՂ-ից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում ի պատասխան փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն, հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա: Այս մասին նա գրել է՝ տարածելով նկարը, որտեղ հստակ երևում է, որ Քաթլերն արգելափակել է Մարությանին:

«1. Նրանք երբեք չեն ունեցել Ադրբեջանի քաղաքացիություն և դե ֆակտո չեն ապրել Ադրբեջանի Հանրապետության իշխանության ներքո, հետևաբար, նրանք ներքին տեղահանված անձինք չեն։

Նրանք փաստացի մուտք են գործում այն երկիր, որի անձնագիրն ունեն (Հայաստան), հետևաբար փախստական չեն»,- գրել էր Քաթլերը:

Սրան ի պատասխան՝ Մարքույանը գրել է. «Այս, այսպես կոչված, «աշխարհահռչակ փորձագետը», որն ինձ արգելափակել է՝ համոզվելու համար, որ ես չեմ տեսնում իր մտքի գոհարները, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները փախստական չեն, և այդպիսով հաստատում է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը: Ես պարզապես մտածում եմ, թե ինչ է նա ծխում, կամ ինչպես է աշխատում նրա ուղեղը, որպեսզի ստիպեմ նրան մտածել այնպես, ինչպես մտածում են մարդիկ, ովքեր փախչում են մի երկրից մյուսը»:

Մարուքյանը հիշեցրել է, որ փախստականներն այն մարդիկ են, ովքեր փախել են պատերազմից, բռնությունից, հակամարտությունից կամ հետապնդումից և անցել են միջազգային սահմանը՝ այլ երկրում անվտանգություն գտնելու համար: Նրանք հաճախ ստիպված են փախչել՝ իրենց հետ վերցնելով միայն հագուստ՝ թողնելով իրենց տները, ունեցվածքը, աշխատանքը և սիրելիներին: Փախստականները սահմանվում և պաշտպանվում են միջազգային իրավունքով:

«Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան առանցքային իրավական փաստաթուղթ է և փախստականին սահմանում է որպես «անձ, որը չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ իր ծագման երկիր՝ ռասայի, կրոնի, ազգային պատկանելության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հիման վրա հետապնդվելու հիմնավոր վախի պատճառով»»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս