Արցախից հոսքը մեծ է՝ մեծ ցնցումների է ենթարկել պետական ողջ ապարատը. Արմեն Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ Արցախից բռնի տեղահանվող բնակիչների ընդունող կետերը Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում, բավականին ծանրաբեռնված են աշխատում։

«Հոսքը բավականին մեծ է, 70 հազարից ավելի մեր հայրենակից արդեն տեղափոխվել է Հայաստան։ Պետք է կրկին նշեմ, որ 3 մլն-անոց հանրապետության համար այդպիսի քանակության ժողովրդի մուտքը բավականին լուրջ ցնցումների է  ենթարկել պետական ողջ ապարատը։ Պետական ապարատն այսօր գործում է գերծանրաբեռնված և արտակարգ ռեժիմով, պետք է ասեմ, որ մեծ աշխատանք են տանում բնակիչները, կամավորները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը։

Ըստ նրա, բռնի տեղահանված արցախահայությանն ընդունելու աշխատանքն առանց թերությունների չէր կարող լինել, սակայն կարծում է, որ թերությունները մինիմալ են՝ հաշվի առնելով խնդիրների ծավալը։

«Հիմա ամենադժվար պահն է, կարծում եմ՝ երկրորդ փուլով արդեն մենք կհասկանանք, թե որտեղ են բնակվելու այդ մարդիկ, նրանց կացարանների հարցը պետք է լուծվի։ Շուտով Կառավարությունը ցույց կտա այն քարտեզը, թե ինչպես ենք մենք պատկերացնում մեր քույր և եղբայրների ապագան, թե որտեղ նրանք պետք է մնան»,- նշեց նա։

Կարդացեք նաև

Արմեն Խաչատրյանը միաժամանակ ընդգծեց, որ պետությունը ֆինանսական խնդիրներ չունի, ամեն ինչով ապահովում է  բռնի տեղահանվածներին, սակայն կան խնդիրներ մարդկանց գտնվելու վայրի վերաբերյալ, շատ դեպքերում չգիտեն՝ մարդիկ Գորիսո՞ւմ են մնացել, թե՞ Երևան են գնացել։

«Մարդիկ մաքսիմում ձգտում են չմնալ Սյունիքում և շարժվում են դեպի Երևան, Սյունիքից շարժվելիս նրանց հետագիծն արդեն կորում է։ Պետությունը նրանց տեղը չի իմանալու, որպեսզի իմանա, պետք է ներկայանան պետական մարմին և հաշվառվեն»,- շեշտեց նա։

Իշխանական պատգամավորն անդրադարձավ նաև արցախահայության համար բնակարանաշինության խնդիրներին, ասաց, որ դա տարիների հարց է, որքան էլ փորձեն արագացնել գործընթացը, այդուամենայնիվ, երկու-երեք տարի կտևի։

Տեսանյութեր

Լրահոս