Ես մի բան հաստատ գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը դժոխքի ճամփորդն է. Լևոն Ջավախյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից երեք տարի անց Արցախը հայաթափվում է. բռնի տեղահանված տասնյակ-հազարավոր արցախահայեր են տեղափոխվում Հայաստան:

Հայրենազրկում, մեծ գաղթ. ո՞ւր է գլորվում հայոց պատմության անիվը՝ հարցի պատասխանը 168.am-ի հետ զրույցում արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը ցավով է հնչեցնում. «Դեպի անդունդն է գլորվում ու շարունակում է գլորվել, քանի պատուհաս իշխանություն է մեր գլխին»:

Հայկական Արցախը փրկելու հույսերի մասին Լևոն Ջավախյանը նշում է՝ եթե աշխարհը կուրացած չէ, կարելի է հույս տածել, որ արտաքին ուժերի, խոշոր երկրների ճնշման տակ գոնե կվերականգնվի Արցախի ինքնավար մարզը:

«Եթե աշխարհն ուզենա, դա հնարավոր է, բայց եթե ավելի շատ փափագ ունենա գազի, նավթի և իր քստմնելի քաղաքականության, ապա դա հօդս կցնդի, և Արցախը վերջնականապես կհայաթափվի,- նշեց նա՝ նկատելով, որ միջազգային երաշխիքների դեպքում միայն հնարավոր կլինի այդ մարզը պահել, որ չարժանանա Նախիջևանի ճակատագրին: Իսկ առայժմ մտավորականն արձանագրում է,- Աշխարհը միայն մի բանի է հավատում՝ իր շահին, նա թքած ունի ժողովուրդների ողբերգության վրա»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին համոզում էր, թե «Հայաստանի քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ», սակայն այսօր 120 հազար արցախցիներ դարձել են գաղթական, Լևոն Ջավախյանն արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ մենք Դեր Զորի ճամփո՞րդն ենք, թե՞…, բայց ես մի բան հաստատ գիտեմ՝ ինքը դժոխքի ճամփորդն է: Ինքը եկավ իշխանության, երբ ամեն ինչ կար՝ և՛ ապահովություն, և՛ երկիր ու խաղաղ կյանք, հայտարարեց՝ սկսում եմ իմ զրո կետից, ու զրոյացրեց մեր ամեն ինչը՝ նույնիսկ մեր հույսն ու հավատը:

Այս ամեն ինչը նախ և առաջ իր ու իր իշխանության վրա է դրված, իսկ ինքը նախ ասում էր՝ մեղավորը նախկիններն են, հետո՝ ռուսներն են, բոլորը մեղավոր են՝ աշխարհն էլ մեղավոր է, բայց ինքը մեղավոր չի:

Իսկ ամենամեծ դժբախտությունն այն է, որ այս պահին անգամ իրեն հավատացողներ կան. Պատկերացնո՞ւմ ես, այ մարդ. էլ ի՞նչ անի, որ զգաք՝ դժոխային փոս է փորում իր ազգի համար, հայոց գերեզմանն է դնում»:

Նրա խորին համոզմամբ՝ Արցախի հանձնումը տեղի ունեցել ոչ միայն Ադրբեջանի և ՌԴ, այլև ՀՀ իշխանությունների հետ համաձայնությամբ, և անգամ փոքր դետալներն են վկայում այդ ճշմարտությունը:

«Այդ ո՞նց է պատահում, որ իշխանության համակիր մարդը՝ Սամվել Բաբայանը, որ «օտ ի դո» թաթախված էր Ղարաբաղյան պատերազմում,  գալիս-անցնում է, իսկ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվում է: Դա ցույց է տալիս, որ մեր իշխանությունները փոխադարձ կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ: Այսինքն՝ Ղարաբաղյան այս թնջուկի մեջ 3-ն էլ համաձայնեցված են գործում, և այդ համաձայնության հետևանքով է հայ ժողովուրդը, Արցախի ժողովուրդը ողբերգության մեջ,- որպես ասվածի հաստատում՝ նկատեց նա, ապա հավելեց,- Աստված մեզ փրկի, որ «Զանգեզուրի միջանցքի», որի մասին խոսում է Էրդողանը, փոսը չընկնենք. դա Հայաստանը թրատել կնշանակի, Հարավային Հայաստանն ամբողջովին անջատել, իսկ հետո հերթը կգա Սևանա լճին, ու մոտ կլինի ապագան՝ նաև «Էրիվանի»: Ու այդ կերպ մենք կարող ենք ավելի վատ փաստի առաջ կանգնել, քան Ալեքսանդրապոլյան պայմանագիրն էր»:

Տեսանյութեր

Լրահոս