Պակիստանում աֆղանստանցի փախստականների թիվը հասել է 3,5 միլիոնի. ՄԱԿ
Պակիստանում Աֆղանստանից փախստականների թիվը հունիսին հասել է 3,5 միլիոնի։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ):
Գրասենյակի տվյալներով՝ նրանցից միայն 1,3 միլիոնն է իշխանությունների մոտ անցել գրանցում, ինչը երաշխավորում է աֆղանստանցիների՝ Պակիստանում գտնվելու և օրինական աշխատանք ստանալու իրավունքը։ Չգրանցված փախստականների թիվը հասնում է շուրջ 775 հազարի։
2021 թ. օգոստոսից, երբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո «Թալիբան» արմատական շարժումը զավթեց իշխանությունը, ավելի քան 600 հազար փախստական և ներգաղթյալ է ժամանել Պակիստան։ Մինչ այդ երկրում արդեն գտնվում էր գրեթե 3 միլիոն աֆղանստանցի, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Պակիստան։ Նրանցից մոտավորապես 880 հազարի` Պակիստանում բնակվելու իրավունքի ժամկետն այս տարի լրացել է։ Եթե այդ փաստաթղթերի գործողությունը չերկարացվի, ապա փախստականներին սպառնում է արտաքսում Պակիստանից։
Վերջին երկու տարվա ընթացքում միայն 16 հազար աֆղանստանցի է Պակիստանից Աֆղանստան վերադարձել ՄԱԿ-ի ՓԳՀ-ի աջակցությամբ իրականացվող կամավոր հայրենադարձության ծրագրի շրջանակներում: Մինչև 20 հազար աֆղանստանցի այժմ մասնակցում է P2 ծրագրին, որը նախատեսված է մինչև թալիբների իշխանության գալը ամերիկացիների համար աշխատած Աֆղանստանի քաղաքացիներին ԱՄՆ տեղափոխելու համար։
Ըստ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հայտարարության՝ Պակիստանում աֆղանստանցի փախստականների հետ կապված ծանր իրադրությունը ճգնաժամի կվերածվի, եթե Իսլամաբադը միջազգային օգնություն չստանա երկրում նրանց գտնվելու հետ կապված խնդիրները լուծելու համար: