Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Պարզվել են զինծառայողների նկատմամբ վերադասի կողմից բռնություն գործադրելու, ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ կոչումով լեյտենանտ զինծառայողը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար, պատասխանատու լինելով վաշտի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու նկատմամբ դրսևորել է ՀՀ ԶՈւ ներքին ծառայողական կանոնագրքի դրույթներին հակասող վարքագիծ:

Մասնավորապես՝ վերջինս, շարքի դիմաց, ներկա գտնվող ծառայակիցների ներկայությամբ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է կատարել մարտական հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնող զինծառայողի հասցեին, ինչի հետևանքով 2023 թ. սեպտեմբերի 12-ին ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի կրակային դիրքի հարակից տարածքում՝ խրամբջիջներից մեկում, զինծառայող Ալեքս Ավանեսյանն իրեն ամրակցված գնդացրից կրակոց է արձակել իր գլխի ճակատային հատվածին և ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից մահացել։ Բացի այդ, վաշտի հրամանատարը այլ զինծառայողների ներկայությամբ բռնություն է գործադրել մեկ այլ զինծառայողի նկատմամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս