Նիկոլ Փաշինյանն ուղղակի կատարել է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Այս օրերին Երևանում ու հանրապետության տարբեր մարզերում հազարավոր քաղաքացիների միանգամայն արդարացված ընդվզումը, ցասումը, բողոքի արտահայտությունները ոստիկանները ճնշում են ամենալկտի ու բռնի մեթոդներով։
Համացանցը ողողված է անչափահասներին բառի բուն իմաստով գետնին տապալող ոստիկանների, «ՀՆԳ» մակագրությամբ համազգեստավոր մսազանգվածի կողմից քաղաքացիներին բերանքսիվայր քարշ տալու տեսարաններով։
Ինչպես այս անմարդկային գործողություններն իրականացնողներն անձամբ, այնպես էլ նրանց հրահանգավորող իշխանությունն այս գործողություններն արդարացնում են «օրենքի», «իրավակարգի», «օրինականության», «սահմանադրական կարգի պահպանման» և այլ լալահառաչ ձևակերպումներով։
Ամենատարբեր ամբիոններից, հանրահավաքներում, եթերներում, իհարկե, հնչում են հայտարարություններ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը հազարավոր անօրինականություններ են գործել, որ ոստիկաններն ու համազգեստավոր այլ մարդաջարդարարները խախտում են օրենքը, չեն պահպանում խաղաղ ակցիաների մասնակիցների հետ վարվելու այսինչ նորմի այնինչ ենթակետը, և այդպես շարունակ։
Համատարած այս աղմուկի ու ջարդարարության մեջ, սակայն, չի հնչեցվում շատ պարզ, առավել, քան պարզ մի իրողություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր իշխանությամբ, ոչ թե ուղղակի կամ շարքային օրենքներ է խախտել, այլ ոտնահարել է ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ոտնահարել է դրա տառն ու ոգին, փիլիսոփայությունն ու արժեհամակարգը։ Թեև դա պարզ է ու ակնհայտ վաղորդյան ցողի պես, այդուհանդերձ, հատկապես բթամարմին ոստիկանների համար՝ մի քանի մեջբերումներ։
ՀՀ Սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ։
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը․․․»:
Անկախության հռչակագիրը, որին հղում է կատարված ՀՀ Սահմանադրությունում, սկսվում է հետևյալ ձևակերպումներով։
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է․․․»։
Արցախի հետ կապված Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը՝ սկսած Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունից, վերջացրած Արցախի դեմ կատարվող ադրբեջանական բնաջնջմանը՝ «կշարունակենք հետևել իրադարձություններին» մոտեցմամբ, Հայաստանի Հանրապետության, պետականության հիմնարար, առաջնային, առանցքային օրենքի ուղղակի ոտնահարում ու բռնաբարություն են։
Այսինքն՝ առանց այլևայլությունների, առանց երկիմաստության, առանց մեկնաբանության տեղ թողնելու, Նիկոլ Փաշինյանն ուղղակի կատարել է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, նա ոտնահարել է ՀՀ սահմանադրական կարգը, որովհետև սահմանադրության հիմնարար դրույթի խախտումը հենց սահմանադրական կարգի ոտնահարում է։
Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը՝ ինչպես որպես ՀՀ քաղաքացի, այնպես էլ՝ որպես ՀՀ վարչապետ, ՀԱՆՑԱԳՈՐԾ է, դուրս է օրենքից։
Նորմալ, իրավական պետությունում հանցագործի հետ վարվում են օրենքով սահմանված կարգով՝ հարուցում են քրեական գործ, կալանավորում են, ներկայացնում են մեղադրանք, դատում են, դատապարտում են ազատազրկման կամ արդարացնում են։ Հայաստանի ողջ իրավապահ համակարգը՝ սկսած ոստիկանությունից, ԱԱԾ-ից, վերջացրած ամենատարբեր անուններով կոմիտեներով ու առընթեր մարմիններով, չի կատարել ՀՀ սահմանադրության ու օրենքի այդ պահանջը՝ չի մեկուսացրել ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ՝ այդպիսով իրեն վերջինիս հետ դուրս դնելով օրենքից։
Այս համապատկերում, ներկայումս Երևանի հրապարակներում ՀՀ քաղաքացիներին՝ օրենքին հղում կատարելով, բերման ու բռնության են ենթարկում տարբեր համազգեստներ կրող սովորական հանցագործները, որոնք չեն կատարել ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ մեկուսացնելու իրենց պարտականությունը՝ դրանով դառնալով նրա հանցակիցը։
Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալել է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական տիրույթում, ինչը նույնքան ապացուցելի է իր իսկ իշխանության հեղինակած փաստաթղթից մեջբերումներով։
2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակի արարողության հավասար շուքով հրապարակեց ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը։ Դրանում բառացի, սևով սպիտակի վրա գրված են հետևյալ դրույթները.
«Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության Հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: IV Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին»:
«4.3 Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար»:
«4.16 Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը ծառայում է պետության և նրա քաղաքացիների պաշտպանության, անվտանգության և ազգային շահերի ապահովմանը: Պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակն է Հայաստանի պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանումն ու իրականացումը՝ ռազմական սպառնալիքները կանխորոշելու, դրանք քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով կանխարգելելու, ինչպես նաև պաշտպանական կարողություններով զսպելու և չեզոքացնելու միջոցով: Մենք այս առաքելությունն իրագործում ենք ռազմական կարողությունների և միջոցների համալիր զարգացման, դրանց առաջանցիկ կիրառման միջոցով՝ միտված հակառակորդի քանակական առավելությունը մեր որակական գերազանցությամբ չեզոքացնելուն: Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական քաղաքականությունն ուղղում է նաև Արցախի անվտանգության ապահովմանը»:
«4.25 Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։
Եթե իրավական պետություն լինելու դեպքում ՀՀ սահմանադրության ու անկախության հռչակագրի համապատասխան մեջբերումները Նիկոլ Փաշինյանին կդարձնեին ՀԱՆՑԱԳՈՐԾ, ապա իր իսկ հեղինակած Ազգային անվտանգության ռազմավարության դրույթների ցիտումը նրան պետք է դարձներ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿ։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, նշանակում է, որ Հայաստանն ապրում է ապօրինի, բռնազավթված իշխանության պայմաններում, որոնց ծառայող համազգեստավոր խաժամուժը ինքնադատաստանի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին։
Բառի ամենաուղիղ իմաստով Հայաստանում այսօր տիրում է անիշխանություն, որովհետև իշխանությունը ուզուրպացրել է մարդկանց խումբ, որը հղում անելով իր իսկ կողմից կոպտագույնս խախտվող օրենքներին, ճնշում է իշխանության իրական սեփականատիրոջ՝ ժողովրդի պահանջները։ Դա նշանակում է, որ օրենքից դուրս գտնվող «իրավապահ մարմինների» դեմ ցանկացած գործողություն ինքնին օրինական է, քանի որ նպատակ է հետապնդում երկրում սահմանադրական կարգի ու իրավակարգի վերականգնումը։
Հետևաբար, համազգեստավոր խուժանի կողմից քաղաքացիների դեմ՝ օրենքին հղում անելով կատարված ցանկացած գործողության ժամանակ, քաղաքացիները կարող են և պետք է՝ ինքնապաշտպանվեն՝ նրանց ստիպելով կարդալ (անչափահաս ծեծող մարդակերպի համար կարդալը խստագույն բռնություն է) ՀՀ Սահմանադրության ու ՀՀ անկախության հռչակագրի՝ վերը նշված մեջբերումները և ուղարկեն այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում է դրանք ոտնահարողը։
Ինչ-որ մեկը ինչ-որ բունկերում ինչ-որ ազդեցությունների տակ հայտարարում էր՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»։
Այսօր ահա, իրապես եկել է այդ վրեժի ժամանակը, որով ՀՀ քաղաքացին կարող է իրացնել պետականությունը փրկելու գուցե ամենավերջին շանսը։
Հ.Գ. ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ Գլխավոր դատախազությունը, հուսով ենք, սա կընդունի որպես հաղորդում հանցագործության մասին:
Հարություն Ավետիսյան