Հնարավոր է, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքում տեխնիկա է շարժվում, իսկ մարդիկ գիտեն, թե արդեն Ստեփանակերտում են. մանրամասներ՝ Արցախից

Վերջին դեպքերից հետո ադրբեջանական կողմը բավականին մոտեցել է Ստեփանակերտին: Սակայն տեղեկությունը, թե նրանք Ստեփանակերտի արվարձաններում են, դժվար է հասկանալ` որքանով է համապատասխանում իրականությանն ու որքանով է ֆեյք ու սարքած: 168.am հետ զրույցում ասաց այս պահին Ստեփանակերտում գտնվող մեր զրուցակիցը:

«Հնարավոր է, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքում տեխնիկա է շարժվում, իսկ մարդիկ գիտեն, թե արդեն Ստեփանակերտում են: Որովհետև ասում եմ` ամեն դեպքում, շատ քիփ մոտեցած են Ստեփանակերտին»,- ասաց մեր զրուցակիցը:

Արցախցի մեր հայրենակցի փոխանցմամբ՝ այս պահին էլ Ստեփանակերտի օդանավակայանը շարունակում է մարդաշատ մնալ: Ըստ նրա՝ գյուղերում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների ժամանակ տարհանվածների հիմնական մասը, գնալու տեղ չունենալով, օդանավակայան են գնացել, իսկ Ստեփանակերտում ընկեր կամ բարեկամ ունեցող բնակիչները տեղափոխվել են այնտեղ:

«Կառավարությունն իր ուժերով փորձում է ինչ-որ կերպ այդ մարդկանց ինչ-որ մի բանով ապահովել, բայց այդ միջոցները շատ քիչ են: Հատկապես, որ պաշարման այս 9 ամսվա ընթացքում միջոցները, այսպես ասած, գրեթե զրոյին մոտեցած են»,- ասաց նա:

Կարդացեք նաև

168.am-ի զրուցակցի խոսքով՝ վերջերս Արցախ մուտք գործած հումանիտար բեռները նույնպես աննշան ազդեցություն են ունեցել Արցախում առկա պահանջների ընդհանուր պատկերի վրա:

«Այսինքն, խոշոր հաշվով, 1-2 մեքենան, Ձեր կարծիքով, ի՞նչ կարող են փոխել 120.000 մարդու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ օդանավակայանից վերջերս քաղաքացիների մի մասը վերադարձել է Ստեփանակերտի տարածք, մեր հայրենակիցը հայտնեց, որ հստակ տեղեկություններ հայտնել չի կարող, քանի որ առկա իրավիճակը դեռևս շարունակում է խառը մնալ: Մարդկանց շարժն այս պահին դեռևս համեմատաբար անկանոն է:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ առաջիկայում հնարավոր տարհանման մասին իրենք այս պահին դեռևս որևէ տեղեկություն չունեն: Սպասման պահ է:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանական զինված ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս