ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության հերթական նիստի օրակարգին անդրադառնալն անդրադարձավ նաև ԼՂ-ում հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին՝ արձանագրելով, որ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է:

«Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ, և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, և դա մեր ԼՂ մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև ինչ-որ առումով կիսում ենք,- նշեց նա՝ պարզաբանելով, թե ինչ նկատի ունի՝ խոսելով «դրական զարգացումների մասին»,- Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ հույսեր ևս կան. չբացառեց այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակների մուտքը ԼՂ:

«Ավելի մանրամասն չեմ կարող ասել, որոնց իրագործումն այս պահին պետք է մեկնարկի, կմեկնարկի՞, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել: Խնդրում եմ հաշվի առնել, որ խոսքը դինամիկ գործընթացի մասին է,- նկատեց նա, ապա խոսեց ԼՂ մեր հայրենակիցների՝ ՀՀ հնարավոր տեղափոխման մասին,- Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը: Այսինքն՝ այս իրավիճակը շարունակվի: Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին առկա է այդ անհնարինությունը. այսինքն՝ եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը բոլորիս օրակարգում կլինի:

Կարդացեք նաև

Դեռևս սեպտեմբերի 19-ին՝ գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության գործընկերների հետ դեպի ՀՀ մարդկանց հնարավոր հոսքի դեպքում՝ ինչպես, ինչով և որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին:

Ավելի քան 40.000 տեղ նախապատրաստվել է, նաև խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև՝ առողջապահական, սննդի և այլն: Այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել: Եվ, ըստ էության, սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ մեր գործընկերների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս