Դատավճիռը՝ կյանք՝ առանց մեռնելու հնարավորության

Քաղաքականության մեջ սովորական օրենքները գործում են սովորական պայմաններում։ Իշխանությունը սովորական օրենքով պահում են՝ բարեփոխում անելու, եկողները՝ այն վերցնում են իրենց բարեփոխումը կատարելու համար։

Բայց ոչ սովորական պայմաններում սովորական օրենքներ չեն գործում։ Ու դատվողները չեն դատվում դատարանների դահլիճներում ու դատավորների վճիռներով։ Դատվողները չեն իմանում անգամ վճռի հրապարակման ժամն ու կատարման ձևը։ Որովհետև ոչ սովորական պայմաններում մարդաստեղծ օրենքները չեն գործում։ Ահա այդ պայմաններում դադարում են գործել անգամ մարդասպաններին դատող մարդածին օրենքները՝ իրենց տեղը զիջելով ոչ երկրային, հնարավոր է՝ աստվածային ու տիեզերական օրենքներին։

Քաղաքականությունը դատաստանի այլակերպման իմաստով ոչ սովորական է դարձնում արյունը։ Հազարավորների արյունը՝ հատկապես։ Պայմանավորված ու ծախված արյունը՝ հաստատապես։ Դատաստանն էլ, որ պատահում է երբևէ, լինում է արյունոտ։ Բայց դա մեռնողի արյուն չէ, այլ ապրողի՝ արյան մեջ կենդանի մնացողի, արյան հոտից ու անթաղ մարմինների տեսարանների մղձավանջից ազատվել չկարեցողի արյուն է։

Հայտնի է՝ մեղքն արյունով են քավում։ Ուրիշի արյան մեղքը, սակայն, սեփական արյամբ քավելը մեծագույն պարգև է, որը չի շնորհվում։

Կարդացեք նաև

Ուրիշի արյան վաճառականն ապրելու է արյան մեջ, ապրելու է՝ ցանկանալով մեռնել, բայց դատապարտվելու է կյանքի։ Արյունոտ կյանքի։ Կյանքի, որտեղ քունը լինելու է անոստիկան գերեզմանափոսում, իսկ արթուն պահի տեսլիքներից չեն կարողանալու պաշտպանել անգամ հազար թիկնապահ։

Աշխարհում որևէ ականջափակիչ չի կարողանալու լռեցնել աշխարհաքաղաքական օրթախների կողմից սպանվող երեխայի ճիչերը, որ լսվելու են այն պահին, երբ մի օր անձնական սատանայությունը չի բավարարելու սեփական հիստերիայով վախը խլացնելու լաչառությանը։

Չի փրկելու անգամ սեփական կողակցի ավելի մեծ սատանայականությունը, որն ինչ- որ տեղ սպասելու է սեփական դատաստանին։ Դատաստանին, որ հնչելու է ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության հղումով, այլ հանուն ամեն ինչի։ Ու դատավճռի խստությունը լինելու է ոչ թե զոհվելը, այլ ապրելը։

Իրենց հողի համար զոհվող մարդիկ ու նաև իրենց հողից արտաքսվող մարդիկ  առժամանակ չեն տնօրինելու հայրենի հողը։ Բայց հողը շարունակելու է պատկանել իրենց ոչ թե՝ սեփականության վկայականով, այլ իրենց՝ այդ հողին պատկանելու անձևական օրենքով։ Հողի հետ այդ մարդկանց հարաբերության փոխադարձությունը խեղողները, որ ունեն սեփականության անհաշիվ վկայականներ, իրականում անտեր են ու անհող, որովհետև չեն պատկանում հողին, որի վրա, մտածում են, թե կանգնած են։ Որովհետև հողավաճառ են, բայց անհող ու անհողեղեն։

Ժողովրդական խոսքն ասում է՝ հողը խաբար չտա։ Բայց այս անգամ տալու է։ Ու խաբարը՝ գերեզմանատեր ու անշիրիմ նահատակներին, լինելու է դատաստանի մասին։ Հողը նրանց է հասցնելու իրենց սպանողներին կյանքի դատապարտելու մասին խաբարը։

Հարություն Ավետիսյան   

Տեսանյութեր

Լրահոս