Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հիմա և այստեղ շոշափելի երաշիքներ տալ. Կատրին Կոլոնա
Ադրբեջանը պարտավոր է ուժ չգործադրել, խաղաղ երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների շուրջ, ինչպես նաև ապահովել Լաչինի միջացքով երթևեկությունը։ Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման թեմայով անցկացվող հրատապ նիստի ժամանակ, որն, ի դեպ, հրավիրել էր հենց Ֆրանսիան։
«Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը որոշեց մեծամասշտաբ ռազմական գործողություն նախաձեռնել՝ գործողություն, որում օգտագործվում էին ցամաքային և օդային միջոցներ մեծ մասշտաբով և հետևանքներ էին առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որը ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել», – արձանագրեց Կոլոննան։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց՝ Բաքվի գործողությունները հակասում են վեճերի խաղաղ լուծման սկզբունքին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
«Մենք միակ երկիրը չենք, որ այդպես ենք կարծում։ Մի շարք երկրներ սեղանի շուրջ նստածների թվում նույնպես կտրականապես ժխտում են այս բռնությունը և կամայական վարքը՝ կոչ անելով Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը։ Այս գործողության հետևանքը հատկապես ծանր եղավ։ Հարյուրավոր վիրավորներ կան, տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, որոնց թվում կան երեխաներ», – ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ շեշտելով հաստատված հրադադարը պահպանելու կարևորությունը։
Կոլոննան նշեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարցի տակ չի դրվում, սակայն վտանգված է ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի՝ իրենց իրավունքներով և պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը։ Նա հիշեցրեց վերջին 9 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի շրջափակման և դրա հետևանքով առաջացած աղետալի հետևանքների մասին։
«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա հաստատեց, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները։ Այս բառերը Ադրբեջանի կողմից հանձնառություն են։ Նրանք այսօր պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար։ Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հիմա և հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, պարտավոր է հանձն առնել բարեխղճորեն քննարկումներ ծավալել, չգործադրել ուժ կամ ուժի սպառնալիք և խաղաղ երկխոսություն սկսել բնակչության իրավունքների և երաշխիքների շուրջ՝ միջազգային հանրության աջակությամբ։ Նա պարտավոր է համաներում ապահովել այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որոնք ընդունել են հրադադարը։ Նա պարտավոր է անպայմանորեն և առանց ձգձգման ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը», – ընդգծեց պաշտոնյան։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Ադրբեջանը պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը։
«Առանց այս երաշխիքների չի կարող լինել լուծում», – հայտարարեց Կատրին Կոլոննան։
Նա նաև հիշատակեց, որ բազմաթիվ մարդիկ արդեն հեռացել են Արցախից Ադրբեջանի հարձակման հետևանքով։
«Մենք չենք կարող պասիվ մնալ Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրադարձությունների նկատմամբ, քանի որ եթե մենք դա անենք, ապա հանցակից կլինենք բնակչության զանգվածային արտագաղթին», – ասաց Կոլոննան։
Պաշտոնյան շեշտեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պարտավոր է ակտիվորեն աջակցել «բանակցված լուծման պարամետրերի ձևակերպմանը Բաքվի և ԼՂ-ի միջև»։
«Պետք է զգոն մնալ, եթե որևէ փորձ արվի Հայաստանը ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա օգտագործել որպես պատրվակ՝ հարցականի տակ դնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Վարչապետ Փաշինյանը վերջին մի քանի ամիսներին ցուցաբերել է իր պատասխանատու մոտեցումը, նաև ցանկությունը՝ թուլացնելու լարվածությունը և Ադրբեջանի հետ գտնելու խաղաղ լուծում, որի հիմքում դրված կլինի հարգանքը և երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հստակորեն սահմանված, ապառազմականացված սահմաններով», – նշեց Կոլոննան։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը եզրափակեց՝ հայտնելով, որ Ֆրանսիան ուժերը կենտրոնացրել է և կշարունակի դա անել՝ ապահովելու տևական և մնայուն խաղաղություն Հարավային Կովկասում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների։