«Ադրբեջանը չի կարողանում տեղորոշել մի բուռ մնացած Արցախի դիրքերն ու կետե՞րը. սպուտնիկով սիրուն նկարած է ամեն ինչը, դեմները դրած՝ կոորդինատներով, կետերով». Շիրազ Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը գրել էր, որ՝ «ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ռուսական կողմը Ադրբեջանին տրամադրել է ԼՂ-ում բոլոր դիրքերի, տեխնիկայի տեղակայման վայրերի կոորդինատները ու հեռացել նշված վայրերից, և Ադրբեջանը սկսել է զանգվածային հրետակոծությունը»:
168.am–ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշել է, որ դա պարզապես հիմարություն է և ծիծաղելի:
«Ուրեմն ադրբեջանական հետախուզական միջոցներով չեն կարողանում տեղանքը կողմնորոշել, ԱԹՍ-ներով կամ արբանյակային տվյալներով, ռուսական կողմը պիտի տա՞ մեր դիրքերի քարտեզը: Սպուտնիկով նենց սիրուն նկարած է ամեն ինչը, դեմները դրած՝ կոորդինատներով, կետերով, ինչի՞ մասին է խոսքը: Դա պրովոկացիա է: Ռուսական կողմն ինչի՞ պիտի տա, երբ Ադրբեջանն անգիր գիտի բոլոր կետերը: Կարծում եմ, «Հայկական ժամանակի» այս հոդվածը տեղեկատվական-քարոզչական նպատակ ունի՝ հարվածելու ռուսներին, որովհետև առաջինն այս մասին գրել են իրենք և իշխանական քարոզչամեքենայի մնացած կայքերով: Այսինքն, Ադրբեջանը չի կարողանում տեղորոշել մի բուռ մնացած Արցախի դիրքերն ու կետե՞րը»,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիայից և Ւսրայելից ինտենսիվ կերպով և տարբեր ուղղություններից ինքնաթիռներով ռազմական բեռներ էին տեղափոխվում երկար ժամանակ, այսինքն, Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում էր:
Ավելին, օտարերկրյա ռազմական կցորդներին Ադրբեջանը ևս տեղեկացրել է, որ պատրաստվում է «հակաահաբեկչական գործողության»: Այս ամենը, ըստ Շիրազ Խաչատրյանի, ևս հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի գրածը մանիպուլյացիա է:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը նույն կարծիքին է:
«Միայն այն փաստը, որ տեղեկությունը տվել է «Հայկական ժամանակը», խոսում է այն մասին, որ հստակ միտում կա ստեղծված ծանր իրավիճակի ֆոնին ինչ-որ դիվիդենտներ շահելու»,- ընդգծել է նա:
Միաժամանակ, փորձագետները շեշտում են, որ ասվածն ընդամենը փորձագիտական կարծիք է այն մասին, որ առանց ռուսական կողմի էլ Ադրբեջանը տիրապետում է համապատասխան տեղեկատվության: Իսկ որ ռուսական կողմը ստեղծված իրավիճակում ունի պատասխանատվության իր բաժինը, դա չի վիճարկվում:
Հավելենք, որ և՛ Շիրազ Խաչատրյանը, և՛ Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ հարցազրույցում նշել էին, որ Ադրբեջանի առաջնային խնդիրն Արցախի ՊԲ-ի կազմաքանդումն է, նաև նրա համար, որ ՀՀ-ի նկատմամբ լայնածավալ մարտական գործողություններ սկսեն, ապա ՊԲ-ն անմասն չի մնալու, և գուցե ավելի հաջող խնդիր լուծի:
Իսկ 168.am-ն ավելի ուշ մանրամասն վերլուծություն կներկայացնի հոդվածի թեմայի առնչությամբ: