
Ինձ համար ցավալի էր, որ ծանրամարտի աշխարհի առաջնության մարզադահլիճի տրիբունաները դատարկ էին. Կարեն Գիլոյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լիահույս է, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունների անցկացումը կվստահի «ծանրամարտային երկրներին», որտեղ մարզաձևը սիրված է, և մարզադահլիճը դատարկ չի լինի:
«Ինձ համար ցավալի էր` աշխարհի առաջնության մարզադահլիճի տրիբունաները դատարկ էին: Երբ հիշում եմ Երևանի Եվրոպայի առաջնությունը, ափսոսանք եմ ապրում, որ աշխարհի առաջնությունում տրիբունաները դատարկ էին: Առանց այդ էլ մարզաձևը նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում: Ոչ «ծանրամարտային» երկրում աշխարհի առաջնությունն անցկացնելը վերջնականապես կզրոյացնի հետաքրքրությունը ծանրամարտի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գիլոյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` ծանրամարտի աշխարհի առաջնություն Եվրոպա աշխարհամասում վերջին անգամ անցկացվել է 2014 թվականին:
«Հաջորդ տարի էլ աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնում։ Վստահ եմ, որ տրիբունաները էլի դատարկ են լինելու: Մեր ցանկությունն է, որ մեծացնենք հետաքրքրությունը ծանրամարտի նկատմամբ»,-ասաց նա:
Գիլոյանը շնորհավորեց Հայաստանի ծանրամարտի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ կատարած թիմային աշխատանքի համար:
Անդրադառնալով նախաօլիմպիական տարում հայ մարզիկների գրանցած արդյունքներին՝ Գիլոյանն ընդգծեց, որ Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանն առավելագույնը 3 ծանրորդ կարող է ունենալ և մարզչական շտաբը պետք է որոշի, թե որ մարզիկները պետք է ներկայացնեն Հայաստանը: