Արձանագրվել է երկու դեպք, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ նիստը արդեն իսկ բացված է եղել. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելության խումբը հրապարակել է քվեարկության նախապատրաստական փուլի (07:00 -08:00) դիտարկման արդյունքներ։ Ըստ այդմ, դիտարկված 30 տեղամասերում քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խոչընդոտ չի գրանցվել:

Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։ 2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, որը զրուցել է ՏԸՀ նախագահի հետ, այնուհետ միասին մուտք են գործել քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների վերաբերյալ։

Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, ՏԸՀ նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում։

Արձանագրվել է երկու դեպք՝ 6/3 և 10/43 տեղամասերում, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ ժամը 07:00 նիստը արդեն իսկ բացված է եղել, ընդ որում՝ ոստիկանության մասնակցությամբ:

Դիտարկվածներից տեղամասերից 17-ը գնահատվել է դժվարամատչելի՝ տեղաշարժման (հենաշարժական) խնդիրներ ունեցող ընտրողների համար։

Որոշ տեղամասերում նկատվել է կահավորման և քվեարկության գաղտնիության ապահովման խնդիր՝ հիմնականում պայմանավորված ընտրատեղամասի և/կամ քվեարկության սենյակի անհաջող ընտրությամբ:

Դիտարկված ընտրատեղամասերն ընտրողների համար հիմնականում բացվել են ժամանակին:

Տեսանյութեր

Լրահոս