«Նիկոլ Փաշինյանն է միջազգային հանրությանը համոզում, որպեսզի Արցախը ճանաչեն Ադրբեջանի մաս». Նարե Սիմոնյան
Խոսքը թուրքական օգնության մասին չէ, որն Ալիևն ի սկզբանե ակնկալում էր և նույնիսկ փորձում էին բռնի ուժով Ակնայի ճանապարհով հասցնել Ստեփանակերտ։ Խոսքը ռուսական հումանիտար օգնության մասին է։ Թե ինչպիսի հետևանքներ կլինեն դրանից հետո, պետք է ոչ թե միանգամից եզրակացություններ անել և հանձնվել, կամ դա դիտարկել որպես պարտություն, այլ հետևել հաջորդիվ իրադարձություններին։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց շուշեցի Նարե Սիմոնյանը՝ խոսելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական հումանիտար բեռի մասին, որն այսօր առավոտյան արդեն հասել է Ստեփանակերտ։
Նա նշեց, որ չի շտապում ենթադրություններ անել, բայց մեկ բան հստակ է, որ սա հաղթանակ չէ, հաղթանակը նոյեմբերի 9-ի պայմանագրով Բերձորի միջանցքի և 5 կմ լայնությամբ միջանցքի բացումը կլինի։ Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ սա բացարձակ պարտություն էլ չէ, որը կլիներ Ադրբեջանի կողմից տրվող հումանիտար օգնության ընդունումը, որը կարող էր լինել առանց որևէ նախապայմանի Բերձորի ճանապարհն Ակնայի ճանապարհով փոխարինելը։
Խոսելով Արցախի նորընտիր նախագահի և առհասարակ այնտեղ ընթացող ներքաղաքական գործընթացներից ունեցած սպասումների մասին, մեր զրուցակիցն ասաց՝ բավականին ծանր բեռ է դրված նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ուսերին։
«Այս պարագայում ցանկացած իշխանություն, որն ազգային ուղղվածություն ունի և ոչ թե հանձնվողական քարոզի կողմնակից է… գիտեք, Արցախը պայքարում է, գոնե պետք է սատարել այդ պայքարին։ Այս առումով մեծ հույսեր ունեմ երկուսից էլ, նաև հասկանում եմ, որ այս իրավիճակում Արցախի իշխանությունները չեն կարող հրաշքներ գործել, սակայն կարծում եմ՝ ազգային դաշտի համար Սամվել Շահրամանյանի ընտրությունը փոքրիկ հաղթանակ է»,- շեշտեց նա։
Նարե Սիմոնյանը կարծում է, որ ոչ թե միջազգային հանրությունն է Նիկոլ Փաշինյանին ստիպում ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, այլ՝ հակառակը։
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն է միջազգային հանրությանը համոզում, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Համագործակցում եմ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների հետ, նրանց հետ տարբեր ակցիաներ ենք կազմակերպում, նաև դրսի լրագրողների հետ, կտեսնենք, որ տարբեր երկրների ղեկավարներ ուղիղ տեքստով կամ ակնարկով նույն բանն են ասում, որ՝ ի՞նչ եք պահանջում մեզանից, երբ ձեր երկրի ղեկավարն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Սրա մասին են ակնարկում նաև արտասահմանյան լրատվամիջոցները, սրա մասին են վկայում նաև Հայաստանում գտնվող միջազգային կազմակերպությունների կառույցների արձագանքները։ Այսինքն՝ ոչ թե աշխարհն է ստիպել Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում իջեցնել նշաձողը, այլ դա հենց նրա նախաձեռնությունն է, և նա է ստիպում աշխարհին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ոչ ոք այնպիսի ինտենսիվությամբ չի աշխատում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ, որքան Նիկոլ Փաշինյանը և իր թիմը։
Կան ազգային դաշտում աշխատող մարդիկ, և կա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որն ակնհայտորեն այլ պետությունների, մեղմ ասած՝ մեզ ոչ բարեկամ երկրների շահն է սպասարկում։ Արցախը հայկական երազանքի ամենակարևոր բաղկացուցիչներից է, այսպես ասած՝ հայկական ինքնիշխանության հենասյուներից։ Այլ երկրի շահերը ներկայացնողին պետք չեն ազգային դաշտում ազգային կառույցներ, ազգային խաղացողներ, և Արցախի Հանրապետությունը՝ որպես այդպիսին, ազգային երազանքի մաս։ Այն ազգային հենասյուները, որոնք պահպանում են ազգայինը, նրանք համարում են թշնամական, դրա համար դրանց վերացումն իրենց ապազգային իշխանության ամրապնդում է նշանակում։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն չէ, նա ՀՀ իշխանությունն օկուպացրած, խամաճիկային 21-րդ դարի բռնապետ է։
Եթե սկսենք համատեղ աշխատել Արցախի ու Հայաստանի համար, կարծում եմ՝ հետևողական աշխատանքի շնորհիվ կհաջողվի կասեցնել այս ամենը։ Չպետք է թերագնահատել այն փոքրիկ քայլերը, որոնք տարբեր խմբեր, տարբեր տեղերում իրականացնում են, և անարդյունք չեն անցնում դրանք»,- շեշտեց Նարե Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում