Չեմ կարծում, որ դա լավ է Հայաստանի համար. Լավրովը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

ԱՄՆ-ի և Հայաստանի զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանն արդեհն երկու տարի չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակում զորավարժություններին՝ դա բացատրելով նրանով, որ եթե ՀԱՊԿ-ը դատապարտեր Ադրբեջանին, այդ դեպքում Հայաստանը կաշխատեր ՀԱՊԿ-ի հետ։ Այս մասին G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Իսկ երբ մենք հարցնում ենք՝ ինչո՞ւ եք շփվում ամերիկացիների, եվրոպացիների հետ, որոնք ևս չեն դատապարտել Ադրբեջանին, պատասխանում են.«Նրանք մեր դաշնակիցները չեն, դուք պետք է դատապարտեք»: Բավականին տարօրինակ, պարզունակ տրամաբանություն է», – ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ հայ-ամերիկյան զորավարժությունները Մոսկվայի մոտ ափսոսանք են առաջացնում։

«Իհարկե, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս: Եվ ես չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի, այդ թվում նաև Հայաստանի համար: Մենք ափսոսում ենք Հայաստանի ղեկավարության գործողությունների համար»,- հավելել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

«Ռուսաստանը հուսով է, որ Երևանի հետ դաշնակցային բոլոր պարտավորությունները կգերակայեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այդ հարաբերությունները», – ընդգծել է Լավրովը։

Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվեն հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Երևանի ծրագրերը մտահոգության տեղիք են տալիս և որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

Տեսանյութեր

Լրահոս