Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը Թվիթթերի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ՝ նախապես չհամաձայնեցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։
Գրառման մեջ նշվել է, որ ռուսական օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում, իսկ Լաչինի միջանցքը մնում է ամբողջությամբ արգելափակված։
«Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրելու ռուսական առաջարկը՝ պայմանով, որ Լաչինի միջանցքը բացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից մարդասիրական մատակարարումների համար։ Ռուսական Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքներ մատակարարել ռուսական մեքենաների միջոցով։ Սակայն Ադրբեջանը մշտապես վերջին պահին արգելափակում է բոլոր նախաձեռնությունները՝ անընդհատ փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ շարունակելով ցեղասպանությունը և պահելով ճնշումը արցախյան կողմի վրա։ Բոլոր միջազգային դերակատարների համար հրամայական է հրապարակայնորեն փաստագրել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ անցնելով զուտ խոսքերից անդին և գործնական ճնշում գործադրելով նրա վրա։ Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության ստանդարտ մոտեցումը հավասարազոր է մեղսակցության»,- գրել է Ա. Բեգլարյանը` որպես հետգրություն հիշեցնելով, որ ինքն այլևս պաշտոնական անձ չի հանդիսանում, և իր հայտարարությունները ոչ պաշտոնական և փորձագիտական կարծիքներ են։