Ինչ-որ գործիչ, կարծեմ Հայաստանի Խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին Ռուսաստանն է տվել. Ղարաբաղը Ադրբեջանին Փաշինյանն է տվել Պրագայում. Լավրով
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-Tert.am) «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում:
«Ինչ-որ գործիչ, կարծեմ՝ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա հղում է արել այն փաստին, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- լրագրողներին ասել է Լավրովը:
«Դրանցում ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ դեռ բանակցություններ են լինելու այդ կարգավիճակի շուրջ: Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ստորագրեցին հայտարարություն, ըստ որի՝ նրանք ճանաչում են Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, բոլոր հարցերը փակվեցին»,- հավելել է Լավրովը։
Նա պարզաբանել է, որ այդ կերպ Հայաստանի վարչապետը «ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի մարզը գտնվում է Ադրբեջանի կազմում»։
«Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը տալու համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»,- եզրափակել է Լավրովը։