Կարևորը դեսպանատան շենքը տեսքից սիրուն լինի, իսկ արտաքին քաղաքական բովանդակությունը երկրորդային հարց է
ՀՀ կառավարությունը երեկ պաշտոնապես հաստատեց Լոնդոնում ՀՀ դեսպանատան համար նոր շենք ձեռք բերելու նպատակով ընդհանուր 17,380,800.0 ֆունտ ստերլինգ գումարի տրամադրումը։
Տվյալ որոշումը հիմնավորվել է նրանով, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992թ.-ից ի վեր տեղակայված է եղել Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը սակայն դեսպանությանը տեղեկացրել է 2024թ.-ին տարածքն ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները: Նշվում է, որ Լոնդոնում ՀՀ պատշաճ ներկայացվածության և քաղաքական վարկանիշի բարձրացման տեսանկյունից՝ անհրաժեշտ է դեսպանության համար նոր շինության ձեռքբերում (օրինակ՝ Վրաստանը 2016թ. տեսանելիորեն բարելավել է իր դեսպանության շենքը՝ ձեռք բերելով նոր, առավել բարեկարգ շինություն քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում): Ըստ կառավարության՝ հաշվի առնելով այն փաստը, որ համաշխարհային ասպարեզում Միացյալ Թագավորությունը հանդիսանում է ծանրակշիռ դերակատար, ինչպես նաև Միացյալ Թագավորության և ՀՀ միջև ակտիվ և արդյունավետ համագործակցությունը, դեսպանության շենքի ձեռքբերումը կխթանի համագործակցությունը երկրների միջև, կնպաստի ՀՀ վարկանիշի բարձրացմանը և կապահովի դեսպանության բնականոն աշխատանքների իրականացումը:
Հետաքրքրական է, որ Փաշինյանը, կառավարության նիստի ժամանակ անդադառնալով այս որոշմանը, նշեց, որ թեև նոր շենքի ձեռք բերումը հիմնավորված է այն փաստով, որ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ տարածքից, սակայն իրենք էին վաղուց ցանկանում դուրս գալ այդ տարածքից։ Ըստ նրա, ամենայն հարգանքով տարածքը տրամադրողների նկատմամբ, սակայն իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարի դեսպանատուն։ Փաշինյանի պնդմամբ, «որ ասում են, թե ուր է մեր դիվանագիտությունը, մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշավոտնուկի վրա նստած է, մեր դրոշն էլ վերևում կախված»։ Փաշինյանը դեսպանատների նման վիճակն անթույլատրելի է համարում։
Ըստ նրա, թերևս մեկ-երկու բացառությամբ, ոչ մի տեղ ինքը չի տեսել ՀՀ դեսպանատուն, որ նայի ու ասի, այ սա ՀՀ դեսպանատունն է։ Փաշինյանը ընդգծեց նաև դեսպանատան շենքի գտնվելու վայրի ընտրությունը, քանի որ ըստ նրա դրանով է նաև պայմանավորված, թե հրավերներին դիվանագիտական կորպուսը կարձագանքի, թե ոչ, ինչպես կընկալեն և այլն։ Նշեց, որ իրենք առաջնորդվում են «մենք այնքան հարուստ չենք, որ էժան բան առնենք» սկզբունքով։
ՀՀ դեսպանտության նոր շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ: Իր հիմնավորումներում կառավարությունը նաև նշում է, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը, և անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատև ներդրում։
Ուշագրավ է սակայն, որ հիմնավորման մեջ որպես օրինակ նշվում է, որ Վրաստանը նույնպես Լոնդոնի կենտրոնում 2016թ.-ին ձեռք է բերել դեսպանատան նոր շենք, սակայն խնամքով թաքցվում է այն փաստը, որ Վրաստանը այդ 4 հարկանի շենքը ձեռք է բերել շուրջ £3,520,000, այսինքն մոտ 5 անգամ ավելի էժան։ Ավելորդ է նշել Վրաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, վեկտորների և այլ առանձնահատկությունների մասին։
Միաժամանակ այն, որ Լոնդոնի Հայ տունը պահանջել է ազատել դեսպանատան ներկայիս տարածքը, ևս մեկ անգամ վկայում է սփյուռքի հետ գործող իշխանությունների անառողջ հարաբերությունների մասին։ Անհասկանալի է նաև, թե այդ ի՞նչ նոր դիվանագիտական պոռթկում է նախատեսվում հայ-բրիտանական հարաբերություններում, որ նախկինում երկու փոքր սենյակ զբաղեցնող ՀՀ դեսպանատան աշխատակազմին անհրաժեշտ է 5 հարկանի շինություն։
Ուշագրավ է նաև, որ Մեծ Բրիտանիան աչքի է ընկնում մեր տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ, և վերջինիս տարածաշրջանային շահերը վերջին տասնամյակներում հիմնականում համընկնում են թուրք-ադրբեջանական շահերին։ Միամտություն կլինի կարծել, որ դեսպանատան նոր շենքի ձեռքբերումը Ադրբեջանում և Թուրքիայում կարևոր ներկայություն ունեցող բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության գլխամասային գրասենյակի հարևանությամբ ու աշխատակազմի հնարավոր ընդլայնումը տրամաբանորեն կարող են փոխել ստեղծված օբյեկտիվ իրողությունները։ Պնդումը, թե Լոնդոնում դեսպանատան նոր թանկարժեք շենքի ձեռքբերումը, որի արժեքը համադրելի է ՀՀ ԶՈՒ համար այս իրավիճակում այդքան անհրաժեշտ մի շարք գերժամանակակից զինատեսակների շուկայական արժեքի հետ, պետք է բարձրացնի ՀՀ վարկանիշը, առնվազն երեսպաշտություն է։
Ավելորդ է խոսելը նաև այն մասին, որ դեսպանատան նոր ու շքեղ շենքի առկայությունը դեռ չի նշանակում, որ հայ պատվիրակները Միացյալ Թագավորություն գործուղվելիս ի վիճակի կլինեն պատշաճ ներկայանալ՝ պահպանելով վարվելակերպի ու արարողակարգային բոլոր տեսակի կանոնները։ Դժվար թե դեսպանատան շենքի գտնվելու վայրը կամ սենյակների քանակն էր մեղավոր այն բանում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտնվեց միջազգային սկանդալի կիզակետում։ Չէ որ չնայած զգուշացմանը՝ ՀՀ նախագահը լուսանկարվեց Եղիսաբեթ 2-րդ թագուհու աճյունի մոտ, և լուսանկարողը ոչ թե նախագահի օգնականն էր, այլ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ Արտակարգ ու լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը։ Գուցե՞ արդյունավետ արտաքին քաղաքականության հիմքում ոչ թե շենքային պայմաններն են, այլ պրոֆեսիոնալ կադրերը։
Այսպիսով այն, որ հայկական դիվանագիտության արդյունավետությունը Փաշինյանը պայմանավորում է դեսպանատան շենքի պայմանների հետ, նույնպես քննադատությանը չի դիմանում, քանի որ նույն պայմաններում մինչև վերջինիս իշխանության գալը հայ դիվանագետները բավականին արդյունավետ դիվանագիտական աշխատանք են իրականացրել։ Ավելորդ է նշել նաև այն, որ բազմաթիվ երկրներ Հայաստանի Հանրապետությունում իրենց դեսպանատանները տեղակայելիս բավարարվում են համեստ շենքային պայմաններով՝ օրինակ մի քանի սենյակ վարձակալելով բիզնես կենտրոնների տարածքներում, և դա բնավ չի խոչընդոտում դեպի իրենց երկիր տուրիզմի զարգացմանը և արտաքին քաղաքական այլ հիմնական գործառույթների իրականացմանը։