Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության մերժման վերաբերյալ որոշումը պաշտպաններին այդպես էլ չեն տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից փորձել է տեղեկանալ, թե 2023թ. օգոստոսի 29-ին կայացած «Անպիտան հրթիռների» գործով Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը Հակակոռուպցիոն դատարանը տրամադրել է արդյոք պաշտպաններին, թե ոչ, որին ի պատասխան Ս.Հովհաննիսյանը հայտնել է.
«Դատարանը մինչ օրս` դատական նիստից արդեն 10 օր անց, չի տրամադրել որոշումը, որպեսզի հասկանանք ինչ հիմնավորմամբ է այս անգամ մերժել մեր միջնորդությունը, և ինչ պատճառով կամ պատճառներով պետք է Դավիթ Տոնոյանը շարունակի մնալ անազատության մեջ: Դատարանը այդպիսով պարզապես շարունակում է պրոցեսը ձգձգելու իր գործելաոճը: Սա նաև ապացույցն է այն բանի, որ դատավոր Դոլմազյանը միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում է կայացնում առանց դրա հիմնավորումներն ունենալու և հետո է միայն երկար ժամանակ ընկնում փնտրտուքների մեջ՝ հիմնավորելու համար իր որոշումը»: