Ալիևն Արցախում է լույսն անջատում, Նիկոլը՝ Երևանում
Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմության կազմակերպած «Հանուն Արցախի» բազմահազարանոց հանրահավաքը:
Լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումների տակ «ֆաս» հրահանգով, արդեն քանի ժամ, գրոհել են ալիևյան և փաշինյանական կեղծ՝ ֆեյք օգտատերերով հարձակումները: Պետական միջոցները մսխող ֆեյքերի ՊՈԱԿ-ը, շաբաթ օրով՝ ինչքան ուժ ունի՝ աշխատում է:
Գործի են դրվել նաև ՊՈԱԿ-ներից փող ստացող «անալիծիկների» ֆեյսբուքյան իրական ու կեղծ էջերը: Ակտիվացել ու «ինքնուրույն» մտքեր են սկսել արտահայտել ՔՊ-ականները, օրինակ՝ ժամանակին Հայաստանից փախած, դրսերում տաքսու վարորդ աշխատած, սրանից-նրանից պարտքեր վերցնելով գոյատևող ու Նիկոլի օրոք՝ Կենտրոնի թաղապետի, հետո՝ փոխնախարարի պաշտոն ստացած մեկը…
Հասկանալի է՝ անհանգիստ են: Անգործ, անփող են մնալու, նույն ոչմիբանն են դառնալու կրկին և, ամենակարևորը, պատասխանատվությունից չեն փախչելու: Ոչ Արցախը, Հայաստանը կործանման եզրին հասցնելու, ոչ 44-օրյա պարտությունը կազմակերպելու, ոչ այդքան երիտասարդների կյանքը կործանելու համար, ոչ էլ թալանի, կոռուպցիայի, պետական միջոցները մսխելու համար…
Ալիևն էլ է անհանգիստ: «Երևանում՝ Ազատության հրապարակում, հազարավոր մարդիկ ցույց են անում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի անջատողական ռեժիմի։Դրան մասնակցում են Հայաստանի խոշոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական դաշինքները»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ Փաշինյանի՝ երևանյան դպրոցներից մեկն այցից առաջ դպրոցում և դրա հարակից տարածքում անվտանգային խստացված միջոցառումներ էին իրականացվում: Նրա անվտանգության աշխատակիցները ստուգում էին անգամ դպրոցականների՝ առաջինդասարանցիների, նրանց ծնողների պայուսակները, իսկ ավտոշարասյունը կայանել էր հենց կանգառում՝ ավելի քան կես ժամ թույլ չտալով, որ հանրային տրանսպորտը կարողանա կանգառ իրականացնել։
Պատկերացնել կարելի է նրա վախի մակարդակը: Ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ, հասկանալով, որ հազարավոր քաղաքացիներ են մասնակցելու, նախ՝ իշխանությունները փորձում էին խոչընդոտել ինտերնետ կապի միացումներին, իսկ, ահա, հանրահավաքի ողջ ընթացքում անջատել են Ազատության հրապարակի լույսերը: Հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում մթության մեջ են, տարածքը լուսավորվում է գործող սրճարանների լույսերով…
Զարմանալի չէ, խավարամիտն ի՞նչ իմանա՝ որտեղից է լույսը:
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ