«Պարոն Միշե՛լ, մենք այլևս զիջելու տեղ չունենք. հայ ժողովուրդը ստանալու բան ունի». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում հանրահավաքներ, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի։
«Այսօր Արցախում, մեր հերոսական ժողովուրդն աննախադեպ դիմադրություն է ցույց տալիս։ Այսօր Արցախում հայ մայրը, իր սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող սնունդը և հայտարարում, որ այս պայքարն ինքնության պայքար է, արժանապատվության, հայրենի հողում ապրելու և ինքնորոշման պայքար է»,- Ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, հանրահավաքի մասնակիցներն իրենց ներկայությամբ ապացուցեցին, որ կանգնած են Արցախի կողքին, որը տեր է իր հայրենիքին, Արցախին, և պայքարը շարունակում են։
«Այս հավաքը սովորական ու հերթական հավաք չէ, այն ունի առաքելություն, այսօր հայ ժողովուրդը Երևանում, աշխարհի տարբեր կողմերում, հայ ժողովրդի համազգային ձայնը շատ կարևոր է մեր հետագա քայլերի ու գործողությունների համար։ Սիրելի արցախցիներ, մեր քույրեր ու եղբայրներ, դուք այս օրերին, զրկանքների ու տառապանքի գնով բարձր եք պահում հայ ժողովրդի ոգին, դուք ձեր տոկունությամբ և համառությամբ գրում եք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր էջը։ Այո, Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը և արձագանքելով Շառ Միշելի հայտարարությանը՝ հայտարարեց. «Պարոն Միշե՛լ, մենք այլևս զիջելու տեղ չունենք. հայ ժողովուրդը ստանալու բան ունի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում