Բաքվի հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելն է, այսինքն ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը․ Փաշինյան

Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, ԼՂ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով բեռնված 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս 10-ը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունը ուղեկցեց մինչև Կոռնիձոր։ Այսուհանդերձ ո՛չ այս, ո՛չ հուլիս 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ։

Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովամահության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքը ազատել հայերից։ Ինչպես նախկինում ասել եմ՝ այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ցեղասպանության ու հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ։

«Այսուհանդերձ ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանաեկրտ երկխոսության միջոցով։ Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անրաժեշտ է, հակառակ դեպքում ինչպես համոզվել ենք՝ Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով հիշեցնում է երկխոսության հնարավորությունը։ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել։ Այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի ս․թ․ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները։

Դրանցով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Այս որոշման բացահայտ արհամարհումը Ադրբեջանի կողմից այդ երկրի հայրենազրկման բացահայտ դրսևորում է, որովհետև նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկությունը իրավական ուժ ունեցող որոշումների արհամարումն է։ Մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս