Երբ փաստաթուղթ ես ստորագրում, պետք է կատարես պայմանավորվածություններդ. Հայաստանը ամբողջովին փոխել է դիրքորոշումը. Զախարովա
«Պարզապես պետք է կատարել պայմանավորվածությունները: Հենց դա էլ երաշխիքը կլինի: Պատասխանը շատ պարզ է: Եթե ինչ-որ բան պայմանավորվել ես, առավել ևս դա ամրագրել ես բարձր մակարդակում ստորագրությամբ, դա պետք է իրականացնել»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ ադրբեջանական տարածքում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու և արցախյան կողմի անվտանգության երաշխիքների մասին` հատկապես Լաչինի միջանցքում վերջին օրերին գրանցված միջադեպերի ֆոնին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հենց սկսվում է պայմանավորվածությունների կատարման անպարտաճանաչությունը, երաշխիքները կորչում են։
Լրագրող Հայկ Խալաթյանի հարցին՝ ի՞նչ պայմանավորվածությունների խախտման մասին է խոսքը, Մարիա Զախարովան պատասխանեց՝ Հայաստանի ղեկավարությունը Հայաստանի համար էական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը:
Պնդող հարցին՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ է ՌԴ-ն ակտիվորեն արցախցիներին առաջարկում օգտվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից՝ Լաչինի միջանցքի փոխարեն, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծես թե պատասխան չուներ:
«Ես կճշտեմ ու կվերադառնամ Ձեր այդ հարցի պատասխանին»,- ասաց Մարիա Զախարովան:
Մանրամասները՝ տեսանյութում: