Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի մեսիջները՝ Նիկոլ Փաշինյանին. Ճեպազրույց՝ կառավարական կապի փոխարեն

Այսօր Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Խնձորեսկ սահմանապահ բնակավայրում բացվեց հատիկաընդեղենային վերամշակման գործարան: Բնականաբար, թշնամու քթի տակ գտնվող համայնքի համար ոչ միայն տնտեսական, այլև կենսական, անվտանգային նշանակության հարց է գործարանի բացումը, քանի որ այն հնարավորություն կտա, ինչպես բնակիչներն էին նշում, երիտասարդներին մնալ գյուղում, արտերկրում աշխատանք չփնտրել, ինչպես նաև լուծել մեր տարածքները թշնամուն բանավոր պայմանավորվածությամբ հանձնելուց հետո առաջացած մարդկանց ապրուստի տարրական խնդիրները: Գործարանը թշնամուց մոտ 4 կմ հեռավորության վրա է գտնվում:

Գործարանի բացումից հետո լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետն ամեն կերպ փորձում էր չշեղվել գործարանի բացման ու դրա կարևորության թեմայից, սակայն լրագրողնրի համառ պնդումների ներքո, ի վերջո, ստիպված եղավ պատասխանել օրակարգային այլ հարցերի ևս:

«Ապրեցնելով են զարգացնում և ապրեցնելով ենք լինում ուժեղ: Բնականաբար, գիտենք, թե որքան խիզախ են Սյունիքն ու սյունեցին: Եթե այնպես է ստացվել, որ հիմա շատ է մոտեցել Ադրբեջանը Խնձորեսկին կամ մնացած բոլոր գյուղերին, դա դեռ չի նշանակում, որ մարդիկ պետք է լքեն: Հակառակը, պիտի զարգանանք, որովհետև զարգացման մեջ է թաքնված ընդհանուր կոնցեպտը: Պետք է զարգանալ, ուժեղանալ, մնացածն արդեն կերևա»,- բարի ու միամիտ դեմքի արտահայտությամբ ասաց Սյունիքի մարզպետը:

Համաձայն ենք մարզպետի հետ. այո՛, պետք է մնալ ու ապրել և ապրեցնել, զարգանալ և ուժեղանալ: Միայն թե մարզպետ Ղուկասյանը չմանրամասնեց, թե ինչպես եղավ կամ ինչպես ստացվեց, որ Ադրբեջանը շատ մոտեցավ Խնձորեսկին և մյուս գյուղերին: Տարերային աղե՞տ եղավ, դժբախտ դե՞պք էր, ի՞նչ եղավ, որ թշնամին էդքան մոտեցավ: Իսկ կարո՞ղ է իր ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանավոր համաձայնությամբ իր «կառուցողական գործընկեր» Իլհամ Ալիևին բերեց-հասցրեց Սյունիքի գյուղերի քթի տակ, նվեր տվեց Գորիս-Կապան ճանապարհի ռազամավարական նշանակության 21 կիլոմետրանոց հատվածը: Լավ, ի վերջո, էդ ո՞նց եղավ, որ թուրքը իր տասնյակ-հազարներով հաշվվող զորքով դարեր առաջ չկարողացավ մտնել Մելիք Բարխուդարի պահած Խնձորեսկը, բայց Նիկոլ Փաշինյանի պահած Սյունիքում հիմա Ներքին Խնձորեսկից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա է գտնվում:

Կարդացեք նաև

Այս հարցերի պատասխանը Ռոբերտ Ղուկասյանը, իհարկե, չի տա, կամ էլ կասի՝ նախկիններն էին տվել 30 տարի առաջ. Իրենց թիմում դա նորմալ է:

Սյունիքի մարզպետին հարց տրվեց նաև այն մասին, թե ինչու Կապանի օդանավակայանն այդպես էլ չվերթեր չի իրականացնում: Մարզպետը նյարդայնացավ՝ ինչպե՞ս թե, բացի վերջին երկու թռիչքներից, որոնք չեն կայացել եղանակային պայմանների պատճառով, բոլոր թռիչքներն իրականացվել են: Այնպես էր նկարագրում, տպավորություն ստեղծում կանոնավոր թռիչքների, կարծես թե ընդամենը մի 2 շաբաթ չի առաջին թռիչքը տեղի ունեցել, իսկ ըստ նախատեսված էլ՝ շաբաթական ընդամենը երկու թռիչք պետք է տեղի ունենա: Ըստ էության կանոնավոր իրականացվող թռիչքների մասին դատողությունը Ռոբերտ Ղուկասյանը ձևակերպում էր ընդամենը մեկ թռիչքի օրինակով:

Ի դեպ, նա նաև հերքեց բնակիչների այն պնդումները, թե օդանավակայանի գործարկումից հետո ադրբեջանցիների կողմից կրակոցները հաճախակի են դարձել: Դիտարկմանը, թե ամեն դեպքում ադրբեջանցիներն օդանավակայանի գլխին են, ի՞նչ պետք է անել վախի մթնոլորտը հաղթահարելու համար, Սյունիքի մարզպետն ասաց՝ Սյունիքում վախի մթնոլորտ չկա, և այդ վախի մթնոլորտը ստեղծում է համացանցային իրականությունը:

«Եկե՛ք Սյունիք, քաղաքները, գյուղերը շրջե՛ք: Որտե՞ղ եք տեսել վախի մթնոլորտ… Եթե մարդիկ չեն վախենում, ինչո՞ւ ենք էդ թեման տարածում: Նույնիսկ Ներքին Հանդում չկա վախի մթնոլորտ: Դա այլ օրակարգ է, որ մտցվել է մեր երկիր»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

Հետաքրքիր ֆորմատ էր ընտրել Սյունիքի մարզպետն իր ասելիքը Նիկոլ Փաշինյանին հասցնելու համար: Իհարկե, չի կարելի վախի մթնոլորտ ստեղծել, մարդկանց մեջ մտցնել, որ իրենք անզեն են ու անպաշտպան, թույլ են ու անկարող թշնամու դեմ: Բայց ինչո՞ւ այդ ամենը մարզպետ Ղուկասյանն ուղիղ մարզպետական կապով չի ասում Նիկոլ Փաշինյանին, որովհետև ըստ էության երկրում վախի մթնոլորտ տարածում են միայն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ի թիմը, որի անդամ է նաև ինքը՝ մարզպետը:

Եվ երբ Ռոբերտ Ղուկասյանն ասում է, որ Սյունիք ներխուժած թշնամին պետք է հետ շպրտվի ելման դիրքեր, ասե՞լ է արդյոք այդ մասին իր ղեկավարին և, որ ամենակարևորն է, ի՞նչ պատասխան է ստացել:

Ամեն դեպքում լավ բան է ասում Ռոբերտ Ղուկասյանը. Ասում է՝ եթե մենք ազգովի միասնական լինենք, կկարողանանք դա անել: Հետո գովեց Սյունիքի համայնքների ղեկավարներին, նշեց, որ մարդիկ մեծ բան են անում Սյունիքի անվտանգային հարցերը լուծելու համար, բայց լուռ են անում:

«Ի՞նչ է, պետք է Ֆեյսբուքո՞վ ասեն»,- տարակուսեց Սյունիքի մարզպետն ու ասաց՝ Սյունիքն Արցախի կողքին է:

Առհասարակ Ռոբերտ Ղուկասյանը շատ հմտորեն էր շրջանցում Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությանը վերաբերող հարցերը: Պնդմանը, թե Սյունիքը կանգնած է Արցախի կողքին, բայց Փաշինյանը չի կանգնում, ասաց՝ իհարկե, կանգնում է, իսկ թե ինչպես է կանգնում, չասաց. Կոմպետենցիայի հարց կա, ինքը չգիտի՝ անվտանգությանը վերաբերող հարցերով ինչ կարող է ասել, ինչ՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս