Մակրոնի նախաձեռնությունը լինելու է փոխզիջումային, թեև կարող են ի հայտ գալ նոր գործոններ․ քաղաքագետն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նոր նախաձեռնությունն, ըստ էության, լինելու է փոխզիջումային, իսկ եթե խոսք է գնում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մասին, ապա այստեղ կարող են վերհանվել հին մեխանիզմներին առնչվող պահանջներ, ինչպես օրինակ՝ Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացումը։ Նրա խոսքով՝ կարող են ի հայտ գալ նաև նոր գործոններ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նաև հայտարարել է, որ հանդես է գալու նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ՝ ԼՂ-ում հակամարտությունը կարգավորելու համար, որն ավելացնելու է ճնշումն ադրբեջանական կողմի վրա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դունամալյանը նշեց, որ Ֆրանսիայի ղեկավարությունը տարբեր ժամանակափուլերում ղարաբաղյան հակամարտության առթիվ ներկայացրել է հայամետ դիրքորոշումներ, ինչն արվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար, սակայն մինչ օրս նախաձեռնությունները կամ տապալվել են, կամ արժանացել ուժեղ դիմադրության Ադրբեջանի կողմից՝ դառնալով տարաբնույթ մանիպուլյացիաների առարկա։

Դունամալյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիան հայ-ադրբեջանական հակամարտությունից զատ, առերեսվում է որոշակի սահմանափակող հանգամանքների հետ, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դե ֆակտո լուծարումը, ուկրաինական ճգնաժամը, ԵՄ-ի շրջանակում տարբեր երկրների հակասական դիրքորոշումները, առավել ևս, որ պաշտոնական Փարիզը միայնակ հանդես չի գալիս։

«Այս ամենը վկայում է, որ Ֆրանսիան տվյալ պահին արդյունավետ ճնշում գործադրելու տեսանկյունից Ադրբեջանի վրա ազդելու սահմանափակ գործիքակազմ ունի և կարող է գործարկել միայն տնտեսական պատժամիջոցների մեխանիզմը, իսկ դա կարող է անել իր, այլ ոչ թե Եվրամիության անունից, որի անդամներից շատերն ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան չի կարող ստիպել այլ երկրներին, որպեսզի միանան պատժամիջոցներին, մանավանդ, որ պատժամիջոցների մասին դեռ որոշում էլ չի կայացվել, այսինքն՝ այդ հարցում ընդհանուր կոնսենսուս չկա»,- նշեց Դունամալյանը։

Անդրադառնալով նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հայտարարությունը, ով Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգումը որակել է որպես զազրելի պահվածք, Դունամալյանը շեշտեց, որ տարբեր հարթակներից ներկայացվող դիրքորոշումները դիտարկվում են որպես աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից իրականացվող քաղաքականության բաղադրիչ։

«Նույն ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ քայլն իրավական ոչ մի հետևանք չունեցավ և դրանից թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգը չփոխվեց, Թուրքիան պատժամիջոցների չենթարկվեց։ Այդուհանդերձ, նման հայտարարությունները կարող են Հայաստանի իշխանության համար որոշակի ռեսուրս լինել, որպեսզի վերջինս դա օգտագործի Ադրբեջանի դեմ։ Հայաստանի ղեկավարությունը պետք է ավելի սերտորեն աշխատի ԱՄՆ-ի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, ովքեր ունեն հայամետ մոտեցումներ։ Նշված երկու գործոնների համադրումը կարող է ապահովել արդյունավետություն հետագա քայլերի առումով»,- ասաց մեր զրուցակիցը։

Դունամալյանի համոզմամբ՝ տեղին չէ պատժամիջոցներ ակնկալել նաև ամերիկյան կողմից, որովհետև Ադրբեջանը էներգակիրների մատակարարման տեսանկյունից շատ կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի ու Եվրամիության համար։ Մյուս կողմից, նրա գնահատմամբ, Ադրբեջանն ավելի անկախ է Ռուսաստանի և Արևմուտքի հետ բանակցություններում օրակարգային հարցեր քննարկելու առումով և կարող է աշխարհաքաղաքական կենտրոններին ներկայանալ տարբեր մոտեցումներով, մինչդեռ Հայաստանի պարագայում մանևրելու հնարավորություններն անսահմանափակ չեն։ Կա նաև Թուրքիայի գործոնը, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի, իսկ վերջինս էլ ԱՄՆ-ի դաշնակիցն է, որի հետ հարաբերություններն ամերիկյան կողմի համար գերապատվելի են։

Տեսանյութեր

Լրահոս