Բաժիններ՝

Եվրոպայից վերադառնում եմ Երևան և օդանավակայանից սկսյալ բախվում հայկական անդաստիարակության և անկրթության հետ. Նարինե Մկրտչյան

Նարինե Մկրտչյանը գրում է. «Եվրոպայից վերադառնում եմ Երևան և օդանավակայանից սկսյալ բախվում հայկական անդաստիարակության և անկրթության հետ։ Բրյուսել-Երևան օդանավում 5-ժամյա թռիչքի ողջ ընթացքում անընդհատ աղմուկ էր․ 4-5 հայկական ընտանիքներով խմբեր, որ Եվրոպայում զավակներ, տներ ունեն, տարվա մի մասն այնտեղ են անցկացնում, բայց քաղաքակրթության հետ կարծես թե այդպես էլ չեն շփվում, ինքնաթիռում զգում են ինչպես իրենց փողոցում, կարծես իրար տներ են այցելում, իրար կանչում ուտել-խմելու, կանգնում են օդանավում, թեպետ ուղեկցորդուհին հուսահատ խնդրում է նստել։ Ինքնաթիռից իջնելուց հետո, անձնագրային ստուգման հսկող աղջիկը հեռախոսով է տարված և չի նկատում, որ հայերը հաստ ժապավեններով սահմանազատման հերթը խախտում են՝ 25-35, 50-65 տարեկան տղամարդիկ, կանայք, նրանց թոռներն ու երեխաները կռանալով անցնում են այդ ժապավենների տակով, անհերթ առաջ անցնում, մեկը դիտողություն է անում, բոլորով հարձակվում են վրան։

Գալիս ես ուղեբեռի ստացման տեղը, շուրջ 15 մարդու ճամպրուկները չկան, թեպետ թռիչքն ուղիղ է։ Աշխատակիցները կանգնեցրել են բեռնափոխադրման հոսքագիծը և հատ-հատ նայում են ճամպրուկների համարները, որ գտնեն իրենց ծանոթների ճամպրուկները, իսկ մարդիկ անտեղյակ կարծում են, թե հոսքագիծը չի աշխատում, մինչդեռ իրենց ճամպրուկներն իջեցրել-շարել են գետնին, ուր գտնելն ավելի դժվար է, քան հոսքագծում։

Տաքսու վարորդը մեծ արագությամբ սլանում է , ասում եմ՝ սահմանված արագությունը մի քանի անգամ գերազանցում եք, կարգ եք խախտում, դրա համար էլ այդքան վթարներ են լինում, վարորդը թե՝ մեր խառնվածքով մեր օրենք խախտող ժողովուրդ ենք։

Ի լրում այդ ամենի այսօր ցերեկը 65-70 տարեկան մի տղամարդ մի մեծ թուղթ գցեց ուղղակի գետնին՝ Արշակունյաց փողոցի մեջտեղում։ Վրդովված ասում եմ՝ ինչու գցեցիք գետնին, ասում է՝ լավ եմ անում, դուրդ չի՞ գալիս։ Իսկ աղբարկղը կողքին էր։ Նույնիսկ կենդանիներն են իրենց շրջապատը մաքուր պահում, բացառությամբ կոնկրետ կենդանատեսակի։

Եվ այս բարքերով, այս անդաստիարակությամբ, այս մտածողությամբ հայ ժողովուրդն իշխանություն է ընտրում՝ համապետականից մինչև քաղաքային։

3000 տարի հայ ժողովրդի լավագույն զավակները փորձել են փոխել ժողովրդին, բայց մեծ հաշվով, մեր ժողովորդի վատագույն հատվածը, որ երևի մեծամասնություն է, մնացել է փողոցում աղբ թափող, օդանավակայանի սահմանազատման ժապավենների տակով ծլկող, բնակավայրերում սրընթաց սուրացող և օրենք խախտելը «փիլիսոփայորեն» արդարացնող ժողովուրդ։

Երբ այս մասին պատմեցի ծանոթներիցս մեկին, նա անվրդով ասաց՝ քիչ մնաց, համբերեք, հայ ժողովուրդը շուտով կվերանա։

Կա՛մ պետք է ընդունենք, որ անհույս է փոխել հայ ժողովրդին, կա՛մ օրենքները դարձնենք մահակ և ուղղակի հարվածել դրանց նմաններին, որ այս հասարակական աղտեղությունը մեզ վերջնականապես չկլանի։

Մի՞թե մենք անվերջ թույլ ենք տալու, որ մեր ժողովորդի այս վատագույն հատվածը մեզ վերջնականապես խժռի-վերջացնի։»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս