«Նիկոլին հեռացնելը երեք օրվա գործ է, թող գան միասին անենք՝ 50 հազար մարդ պետք չէ, 500 մարդ է պետք». Պարույր Հայրիկյան

«Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչ է նշանակում Բերձորի ճանապարհը միակողմանի բացել։ Իսկ, թե Նիկոլ Փաշինյանին ով է «հավաստի» տեղեկություններ տալիս, միայն ինքը գիտի. թեպետ դա մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը, թե հավաստի տեղեկություններ են իրեն հասել, որ Ադրբեջանը պատրաստվում է միակողմանի բացել Բերձորի ճանապարհը՝ թույլատրելով միայն Արցախից ելքը։

Ըստ Պարույր Հայրիկյանի, այս հայտարարության մեջ հարցն այլ է, երբ Նիկոլ Փաշինյանն այդ ամենից հետո ասում է, թե խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։

«Հարց՝ ինքն ո՞վ եղավ, որ նոր առաջարկներ ներկայացնի, ո՞ւմ հետ է քննարկել, խորհրդարանական երկիր է, ԱԺ-ում քննարկե՞լ են։ Այս ամենն ուղղակի հասնում է լպիրշության ամենաբարձր մակարդակին։ Այն անշնորհքը, որն ասում էր, թե՝ ձեզանից գաղտնի որևէ քայլ չեմ անի, այսօր փաստի առաջ է կանգնեցրել, ասում է, թե վիճակը ծանր է, ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, և այլն։

Ուրեմն՝ երբ որևէ բժիշկ տևական ժամանակ փորձում է հիվանդին բուժել ու տեսնում է, որ իր կատարած գործողություններն արդյունավետ չեն, նա այլ տարբերակներ է փնտրում, կամ շատ պարկեշտ բժիշկներ ասում են, ես չեմ կարող՝ գնա այլ բժշկի մոտ։

Կարդացեք նաև

Այս գյադաների՝ տհասների համար դա խորթ հասկացություն է, այն ողորմելիներից են, որ ասում են՝ ես չկարողացա անել, ուրեմն՝ հնարավոր չէ, երբեք իրենց մտքով չի անցնում, որ իրենք չեն կարողացել, բայց ինչ-որ մեկը կկարողանա։ Լավ, այս մարդիկ, եթե չեն կարողանում որևէ բան անել, գոնե թող լսեն։ Աշխարհի մեծերը միշտ լսել են խորհուրդներ, Նապոլեոն Բոնապարտը, Կեսարը լսել են խորհուրդները և այնտեղից իրենց համար վերցրել օգտակարը»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը նաև անդրադարձավ օգոստոսի 23-ին՝ ՀՀ անկախության Հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, ընդգծելով՝ մարդը, որ 30 տարի առաջ չափահաս է եղել՝ որպես հանրային գործիչ, նույնիսկ լրագրող ու հանկարծ անկախության Հռչակագրի մասին բացասական կարծիք է հայտնում՝ միանգամից վերջանում է։

«Ես փաստեր ունեմ հավաքած, Դատախազությունը գործն ուղարկել է Քննչական կոմիտե, Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ քրեական հանցագործ է։

Երբ խոսքը վերաբերում է անկախության Հռչակագրին ու Սահմանադրությանը, այդտեղ պահանջվում է շատ խիստ զգուշավորություն։ Նախ պետք է իմանալ՝ որն է դրա նշանակությունը, իսկ Հռչակագիրը նախանշում էր ՀՀ-ում պետականության վերակազմավորման գործընթացը։ Այս ամենը զուտ պետք է հասկանան։

Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, սա երբ լակոտական ձևով ասում է, որ ես հրաժարական տվեցի ու նորից վերընտրվեցի, ուրեմն՝ լավ Սահմանադրություն է, նշանակում է, միայն լակոտական մակարդակում կարելի է Սահմանադրությունը կապել քո իշխանության գալու կամ չգալու հետ։ Հիմա նման մարդուց որևէ դրական ակնկալիք ունենալ, նշանակում է լինել անառողջ։ Նա ոչ միայն շարքային ստախոս է, այլև հանցավոր ստախոս»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը խոսել էր պահեստազոր ստեղծելու մասին, մարզպետներին կից ստեղծվեցին փոխմարզպետների պաշտոններ՝ սկսվեց պահեստազորի ձևավորման աշխատանք, իսկ հետո դադարեցվեց։

«Պետական հսկայական միջոցներ հատկացվեցին, իսկ ո՞ւր է աշխատանքը։ Երեք անգամ նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, երեք անգամն էլ տապալվել է, այս անգամ՝ վերջնականապես։ Ինքը հանցավոր խումբ է ստեղծել։ Իրենք պետական միջոցներ են հատկացրել, սակայն գործը չի արվել։ Ամեն ինչ այսպես վերցրած, իր հեռացման անհրաժեշտությունն անառարկելի են դարձնում։

Նիկոլին հեռացնելը երեք օրվա գործ է, թող գան միասին անենք՝ 50 հազար մարդ պետք չէ, 500 մարդ է պետք, 3 օրվա ընթացքում հիմնավորապես հեռացնեմ, մեկ անգամ այդ ճանապարհով գնացել եմ և ժողովրդին նվիրել եմ Անկախության հանրաքվեի գաղափարը»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս