Բաժիններ՝

Լիտվան Ուկրաինային կուղարկի ավելի քան 40 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ

Լիտվան Ուկրաինային կփոխանցի 41 միլիոն եվրո գումարի ռազմական օգնության նոր փաթեթ: Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից, այս մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ փաթեթը, մասնավորապես, ներառում է Carl Gustaf զինամթերք, հրացաններ, ծովային հսկողության ռադարների լրակազմ, 5,56 մմ տրամաչափի զինամթերք, գեներատորներ, ԱԹՍ-ների դեմ օգտագործվող միջոցներ։

Ուկրաինային նաև կփոխանցվեն արձակման NASAMS հրթիռային կայանքներ։

«Լիտվայի ներդրումն Ուկրաինայի ազատության համար պայքարում արդեն կազմել է միլիոնավոր զինամթերք և հազարավոր միավոր զենք: Լիտվան շարունակում է անսասան աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որն այսօր նշում է իր անկախության 32-րդ տարեդարձը, և պատերազմի սկզբից Ուկրաինային ցուցաբերված ընդհանուր ռազմական օգնությունն արդեն գերազանցել է կես միլիարդ եվրոն», – ասել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին Լիտվան Ուկրաինային մատակարարել է Մի-8 ուղղաթիռներ, L-70 զենիթային կայանքներ՝ զինամթերքով, M113 զրահափոխադրիչներ, միլիոնավոր փամփուշտներ, զինամթերք նռնականետերի համար։

«Լիտվան նաև տրամադրում է փորձագիտական ​​խորհրդատվություններ, միջոցներ ներդնում Ուկրաինայի աջակցության միջազգային հիմնադրամներում, նպաստում ուկրաինացի զինվորների վերապատրաստմանը, դասընթացներ է անցկացնում նրանց համար, իսկ լիտվացի զինվորական հրահանգիչները մասնակցում են Interflex գործողությանը, որի ընթացքում ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ միասին նրանք ուկրաինացի զինվորներին ուսուցանում են մարտ վարելու նրբությունները», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ երկրի բուժավերականգնողական հաստատություններ են ընդունվել ուկրաինացի շուրջ 200 վիրավոր զինծառայողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս