«Ադրբեջանի հերթական շուլերությունն է. Արցախի իշխանության ներկայացուցիչները պետք է ուղեկցեն մեր հայրենակիցներին». Փաստաբան
Երեկ ադրբեջանական կողմը հատուկ մտածված տեխնոլոգիայով փորձել է աշխարհին կեղծ տեղեկություններ փոխանցել զուտ քարոզչական նպատակով՝ ցույց տալու, թե իբր Արցախի ճանապարհը փակ չէ, և արցախահայությունն անխոչընդոտ երթևեկում է Բերձորի միջանցքով։
Երեկ, երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի ու արտասահմանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողները՝ մեծ մասամբ 18 տարեկան աղջիկներ, հասել էին Հակարիի կամուրջ, որտեղ մինչև ատամները զինված կանգնած էին ադրբեջանցի ոստիկանները, ադրբեջանական իբրև թե լրատվամիջոցների ներկայացուցիչները մոտեցել էին արցախցի 17-ամյա աղջկան ու հարցեր տվել: Համացանցում տարածված տեսանյութից ակնհայտորեն երևում էր, որ աղջիկը հարցերին վախվորած էր պատասխանում։ Կարճ հարցազրույցը տեսանկարահանում էին, իսկ ադրբեջանցի մի քանի լուսանկարիչ էլ անցակետում կանգնածներից յուրաքանչյուրին առանձին-առանձին լուսանկարահանում էին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն անդրադառնալով արցախահայերին նկարելու ու այն տարածելու, արցախցի աղջկան մոտենալու և նրան համառորեն հարցեր ուղղելու փաստին՝ ասաց, որ այդ ամենը, բնականաբար, ոչ իրավաչափ է, ի՞նչ է նշանակում՝ զինված մարդկանց ներկայությամբ ադրբեջանցի լրագրողները մոտենան ու հայերին հարցուփորձ անեն։
«Դա այն միջավայրը չէ, որ մոտենան ու հարցախույզ կատարեն, թե ինչպես եք դիտարկում այդ ամենը, և այլն։ Սա Ադրբեջանի կողմից քաղաքական գործընթաց է, որ աշխարհին ցույց տան, թե իբր մարդիկ ազատ տեղաշարժվում են, այդ իրավունքից օգտվում են։ Բայց բոլորն էլ գիտեն, որ չկա նման բան, ազատ երթևեկություն չկա, և դրա համար Ադրբեջանի կողմից ստեղծվել են բազմաթիվ խոչընդոտներ։
Սա ի՞նչ է, Ադրբեջանի հերթական շուլերությունն է, ուրիշ ոչ մի բան»,- պարզաբանեց Ռաֆայել Մարտիրոսյանը։
Ըստ նրա, Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնեն այդ ապօրինի անցակետով անցնող մարդկանց հետ։
«Արցախի իշխանության ներկայացուցիչները պետք է ուղեկցեն այդ մարդկանց՝ նրանց անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու նպատակով, ինչն այս դեպքում չի կատարվել։ Այդ ամենը հնարավոր է ռուս խաղաղապահ ուժերի ներկայությամբ։ Վերջապես մենք իշխանություն ունե՞նք, ով պետք է մտահոգված լինի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքով, թե՞ ոչ»,- եզրափակեց Ռաֆայել Մարտիրոսյանը։