ԱԱԾ–ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցների մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«ԱԱԾ-ն կրակոցների մասին տեղեկություն չունի»,– հայտնեցին մամուլի կենտրոնից։

Օգոստոսի 19-ի առավոտյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևան–Կապան ներկայացուցչական չվերթով ժամանել են Սյունիք։

«Առավոտ» օրաթերթը` վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ ինքնաթիռի վայրէջքից առաջ օդանավակայանի կողքին կրակոցներ են լսվել։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները տարհանել են դիմավորող անձանց։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին նույն այդ չվերթով Սյունիք է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, որ Կապանի օդանավակայանը չի կարող շահագործվել, քանի որ դրա համար Հայաստանը չունի համաձայնագիր Ադրբեջանի հետ, բացի այդ՝ այն ադրբեջանական սահմանային դիրքերին մոտ է գտնվում:

Տեսանյութեր

Լրահոս