
ՄԱԿ-ում հայտնել են Աֆղանստանի վեց նահանգներում թալիբների կողմից լրագրողների ձերբակալության մասին

Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (ԱՄԱԿԱԱ) հայտարարել է, որ երկիրը վերահսկող «Թալիբան» շարժումը վերջին 10 օրվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատողների է ձերբակալել Աֆղանստանի վեց նահանգներում: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
«Լրագրողուհի Մորթազա Բեհբուդին և հանուն աղջիկների կրթության շարժման ակտիվիստ Մատիուլլա Վեսան, որոնք ձերբակալվել էին այս տարվա սկզբին, շարունակում են մնալ դե ֆակտո իշխանությունների կալանքի տակ», – ասվում է ՄԱԿ-ի առաքելության սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱՄԱԿԱԱ-ն թալիբներին հիշեցրել է միջազգային իրավունքով իրենց պարտավորությունների մասին՝ հարգել, պաշտպանել կարծիքների ազատության իրավունքը և դրանց ազատ արտահայտումը, ինչպես նաև բոլոր կալանավորների՝ ընտանիքների հետ տեսակցելու, փաստաբանի հետ հանդիպելու և իրենց դեմ ներկայացված մեղադրանքներին ծանոթանալու իրավունքի մասին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի անկախ փորձագետները հայտարարել էին, որ Աֆղանստանում իշխանությունը զավթելուց երկու տարի անց «Թալիբան» շարժումը շարունակում է ոտնահարել մարդու բազմաթիվ իրավունքներ, այդ թվում՝ կիրառելով կանանց ու աղջիկների «լիակատար խտրականության և ստրկացման համակարգը»: ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ դե ֆակտո աֆղանական իշխանությունների խոստումների և գործելակերպի միջև անջրպետը մեծացել է, և այն հույսերը, թե «Թալիբան»-ը կփոխի իր քաղաքականությունը, չեն արդարացել։
Փորձագետների գնահատմամբ՝ Աֆղանստանում 16 միլիոն երեխա չի ստանում այն հիմնական սնունդն ու բուժօգնությունը, որն անհրաժեշտ է նրանց բարեկեցության և զարգացման համար: Տնտեսական անկումն ստեղծում է այնպիսի գործելակերպեր, ինչպիսիք են հարկադիր և մանկահասակ տարիքում ամուսնությունները, կոպիտ վերաբերմունքը, տնտեսական և սեռական շահագործումը, երեխաների և օրգանների վաճառքը, և մանկահասակ երեխաների հարկադիր աշխատանքը, մարդկանց առևտուրը և ոչ անվտանգ միգրացիան: