Ժաննա Անդրեասյանը Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

«Եվրոպական միության գործընկերների հետ մենք միշտ հավակնոտ ծրագրեր ենք նախաձեռնել, քանի որ հիմքում փոխվստահության և գործընկերային հարաբերություններ են: Եվ այն բոլոր ձեռքբերումները, որ կան այսօր կրթական համակարգում, գիտության ոլորտում, մշակութային և երիտասարդական ծրագրերի իրականացմամբ, համատեղ աշխատանքների արդյունք են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը:

Նախարարը հատկապես ընդգծել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մշակման աշխատանքներին ԵՄ ցուցաբերած աջակցությունը՝ շեշտելով հանրակրթության նոր չափորոշիչի ներդրման աջակցմանը միտված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրով իրականացվող աշխատանքները։ Կարևորվել են նաև EU-Armenia TUMO Convergence Center-ի կյանքի կոչման, EU4Armenia ծրագրի «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագրով մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստել են կրթության և մշակույթի ոլորտների զարգացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, համատեղ աշխատանքի համար: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կրթամշակութային, երիտասարդական, գիտության ոլորտներում շարունակական կլինի՝ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի կյանքի կոչմամբ:

Նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված հումանիտար աղետին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը, որի լուծման ուղղությամբ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին՝ փաստահավաք առաքելություն իրականացնող պատվիրակություն ուղարկելու նպատակով:

Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանի հետ է եղել ամենադժվար օրերին՝ համավարակից մինչև պատերազմ․

«Անկախ Ձեր կարգավիճակից, մենք միշտ ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում: Դուք մեզ հետ եք եղել մեր ամենադժվար օրերին. հույս ունենք, որ կգաք մեզ հետ կիսելու նաև մեր լավ օրերը»,- խոսքը եզրափակել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս