Ճոխ սեղանների մոտ տժժացող ՔՊ-ի տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք, դադարեցրե՛ք 6 միլիոն դոլարի Սնուփ Դոգի, Երևանի ավագանու ընտրությունների ֆարսը, մասկի-շոուն. Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը գրում է. «Սովյալ Արցախի ֆոնին կուշտ ու կուռ իշխանավորնե՛ր, լրջացե՛ք։ Ձեր գնացքն արդեն վերջին կանգառում է։

Լավ, ձեզ դաս չեղա՞վ։ Դիմել եք ՄԱԿ, որ ի՞նչ անեք։ Առաջին անգամ ՄԱԿ-ին դիմելուց ինչի՛ հասաք։ Թե՞ ժամանակ եք տալիս արյունբերան-ահաբեկիչ, պատերազմի հանցագործ Ալիևին՝ արցախահայության ցեղասպանությունն իր վերջնական փուլին հասցնի։ Ի՞նչ է, մտածում եք, թե այդ դեպքում դուք մի օր ավելի՞ կարող եք ձեր աթոռներին մնալ։

Եթե նույնիսկ ձեր նշած օրակարգով ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստի հավաքվի, միևնույն է, այս անգամ էլ արդյունքը նույնն է լինելու՝ կլոր զրո։ Մի՞թե պարզ չէ, որ Ապշերոնի խանը՝ Բոսֆորի սուլթանի հետ միասին, իրենց հովանավորող գիշատիչ պետությունների աջակցությամբ ոչ միայն Արցախի, այլ, ընդհանրապես, Հայոց պետականության ոչնչացման ծրագիր են իրագործում ու նրանք խորապես թքած ունեն ՄԱԿ-ի ցանկացած բանաձևի վրա։ Այս երկուսը մտածում են, որ աշխարհում քաոս է, միջազգային ոչ մի օրենք ու կանոն չի գործում ու վերոնշյալ ցեղասպան զույգը Կրեմլի անտարբեր (թե՞ քաջալերական) հայացքի ներքո կարելի է նման ծրագիր իրագործել։ Այդ դեպքում, իրո՞ք կարծում եք, թե հնարավոր է ինչ-որ «խաղաղություն»՝ Արցախի հայթափման ու ոչնչացման գնով։ Կա՞ իշխանության մեջ մեկը, որ կարող է համարձակվել այս հարցին դրական պատասխան տալ։ Վստահ եմ, չկա՛։

Եվ ուրեմն՝ սովյալ արցախցիների ֆոնին ճոխ սեղանների մոտ տժժացող ՔՊ-ի տղաներ և աղջիկներ, լրջացե՛ք։ Ձեր գնացքը արդեն վերջին կանգառում է։ Կա՛մ սովից հանգող արցախահայության փրկության ձեր ծրագիրը կատարեք (հիշու՞մ եք չէ, ինչպես եք տիրացել 680 հազար ընտրողների ձայներին, հիշեցնե՞մ՝ Արցախի հարցում՝ «Անջատում՝ հանուն փրկության», սա՛ է ձեր ծրագրային դրույթը) կա՛մ մանդատները դրեք ու հեռացեք։ Մ՛ի թողեք, որ բանը բանից անցնի, ու դեպքերը զարգանան Արցախի, Հայաստանի համար խիստ անցանկալի սցենարով։

Ինչպես երևում է, դուք առաջին տարբերակով խնդիրը լուծել չեք կարող/ի զորու չեք/չեք ցանկանում։ Արցախահայության սովամահության ֆոնին Սնուփ դոգի համերգի $ 6 միլիոնի ֆարսը վկա։ Մնում է երկրորդ տարբերակը։ Նախքան մանդատները վայր դնելը, անմիջապես հավաքվեք Ազգային ժողովի արտահերթ նիստի ու վավերացրեք Հռոմի ստատուտը ու դիմեք Հաագայի միջազգային քրեական դատարան՝ ցեղասպանության մեղադրանքով պատասխանատվության կանչելու ցեղասպան Ալիևին։ Տարեսկզբին այդ ուղղությամբ կես քայլ արեցիք, ինչու՞ կանգ առաք։ Վախենու՞մ եք, թե՞ «վերևից» (իմա՝ Հյուսիսից) «СТОП» տվեցին։

Ու պետք չէ միամիտ լինել։ Եթե նույնիսկ Հաագայի քրեական դատարանը ընդդեմ Ադրբեջանի ահաբեկիչ պարագլխի վճիռ կայացնի, նա կանգ չի առնելու, սակայն իր քայլերի մեջ ուզած-չուզած՝ զսպվելու է, գոնե՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը։ Համոզված եմ, Հաագայից ծանուցումն ստանալուց հետո Ալիևը օրերի ընթացքում Լաչինի միջանցքը բացելու է այն ձևաչափով, ինչը ֆիքսված է նոյեմբերի 9-ի իր ստորագրած տեքստում։

Վերջում ևս մի հարց։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ուժասպառ ու սովամահ լինող Արցախի ֆոնին «Երևանի ավագանու ընտրություններ» կոչված մասկի-շոուն։ Դա կլինի խնջույք՝ ժանտախտի ժամանակ։ Այնպես որ, ճիշտ կանեք՝ շատ արագ դադարեցնեք այդ ֆարսը։ Ինչպես դադարեցնե՞ք, հուշե՛մ. երկրի բռնազավթված սահմանների բնակավայրերում մասնակի ռազմական դրություն հայտարարեք, իսկ մնացած բնակավայրերում՝ արտակարգ դրություն (ինչը Սահմանադրության իմպերատիվ պահանջն է ու դա վաղուց պիտի արած լինեիք), մանավանդ, որ թշնամին, ըստ մամուլի տեղեկությունների, վերստին զինուժ ու տեխնիկա է կուտակում սահմաններին։

Խոստովանեք, որ դրությունն իսկապես արտակարգ է ու անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները, առանց մուկ ու կատու խաղալու առգրավել թալանչիների գողոնը ու դնել զենքի ու ռազմական կարիքների տակ, ճշտել իրական բարեկամ-դաշնակիցներին ու նրանց հետ կնքել պաշտպանության ոլորտում համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրեր, ստեղծել համատեղ զորամիավորումներ (խոսքն անշուշտ, առաջին հերթին՝ Իրանի մասին է)»:

Տեսանյութեր

Լրահոս