«Վերջն այսպես պիտի լիներ. այս ամենն ավելի շուտ պիտի արվեր». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետությունը շարունակում է  շրջափակված մնալ Ադրբեջանի կողմից, այսօր արդեն 246-րդ օրն է։ Հումանիտար աղետն Արցախում խորանում է, չկա սնունդ, գազ, էլեկտրաէներգիա, Ադրբեջանն օրվա մեջ մի քանի անգամ հոսանքազրկում է Արցախը՝ զուգահեռ կտրելով նաև գազը։

Արդեն մոտ 2 ամիս է՝ Արցախ չի մտել որևէ հումանիտար բեռ, իսկ Հայաստանի կողմից 19 բեռնատարներով տրամադրված հումանիտար բեռը երկու շաբաթից ավելի գտնվում է Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքի տարածքում. Ադրբեջանն արգելում է  նրանց մուտքն Արցախ։

Այս ամբողջ ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները գնացել են Սյունիք և տեղում ծանոթացել իրավիճակին, սակայն բեռները շարունակում են մնալ տեղում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ, բնականաբար, այդ բեռները պետք է նման ճակատագրի արժանանային, որովհետև գործ ունեն Ադրբեջանի հետ, մի երկիր, որտեղ հայատյացությունը, կարելի է  ասել, կրոն է։

Կարդացեք նաև

«Մտածել, որ պետք է գնալ ու անցնել, բեռները տեղափոխել, իրատեսական չէ, վերջն այսպես պիտի լիներ։ Սա այն է, ինչի մասին մենք մշտապես ասում ենք։ Տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ ֆոտոսեսիա են կազմակերպել այդ բեռների ֆոնին, նկարահանվել և այլն, բայց գիտեք ինչ, երբեմն ցավալի է ու տհաճ այդ ամենը տեսնել։ Լավ, եկաք նկարվեցիք, ճառեր ասացիք՝ հետո՞, դուք չգիտե՞ք՝ ինչ է Ադրբեջանը։ Կամ որ եկել ու այդքան նկարահանվել եք՝ դեսպաններ, դեսպանորդներ և այլն, հետո՞ ինչի համար եք արել, որ ի՞նչ ցույց տաք։

Այս ամենը ցույց է տալիս, որ մենք պիտի իրատես լինենք, ճիշտ թիրախներին հարվածենք, որպեսզի հասնենք ինչ-որ շոշափելի արդյունքների։ Իսկ դա ենթադրում է, որ պիտի վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն։ Նման հասարակական շոուների միջոցով միջազգային հանրությունը տեղից չի շարժվելու, որովհետև ամեն ինչ հիմնված է շահերի վրա»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծեց, որ պետք է աշխատել երկկողմ հարթությունում և փորձել ցույց տալ, որ հայության համար Արցախն արժեք է, եթե դա չկա՝ ավելի վատ է լինելու։

Ինչ վերաբերում է ՄԱԿ Անվտանգության հատուկ նիստից  սպասելիքներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուր խողովակ պետք է օգտագործել։

«Այս ամենը պետք է ավելի շուտ արվեր, բայց պետք է փորձել։ Բոլոր իրավական դռները պիտի փորձենք բացել, գոնե մի փոքր։ Չեմ ասում, որ սրա վրա կենտրոնանանք, չի բացառվում, որ վետո դրվի, նաև չի բացառվում, որ այդ որոշումը չընդունվի ու էլ ավելի բարդանա  իրավիճակը։ Այդուհանդերձ սա փորձ է, որովհետև եթե լինի Անվտանգության խորհրդի որոշումը, թեպետ դա չի նշանակում, որ Ադրբեջանն ինչ-որ ձևով կատարելու է, բայց այդուհանդերձ վնաս էլ չէ, կարևոր է, որ որոշումն ընդունվի, և որևէ մեկը վետո չդնի, եթե դնեն՝ ավելի վատ է լինելու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս