«Տեղս զիջելու եմ Լիլի Մորտոյին». Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:
«Այս պահին ունեմ չմասնակցելու որոշում, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի այս մի քանի օրերին, ամենայն հավանականությամբ, որքան էլ դա ինձ համար ցավալի է, ես երևի թե չեմ մասնակցի այս ընտրություններին: Իմ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ առնվազն մաքուր չեմ համարում քաղաքական դաշտը: Երկրորդ՝ ավագանու մանդատն ամենևին այն չէ, ինչին ես ձգտում եմ, որովհետև ես շուրջ 7 տարի աշխատել եմ այդ դահլիճում, տվել եմ իմ առավելագույնը, չեմ ասում, որ սպառել եմ ինձ, բայց այնուամենայնիվ, այս պահին որոշում ունեմ չմասնակցելու: Թե վաղն ինչպես կդասավորվի կյանքը, գուցե հետագայում լինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցելու որոշում ունենամ, այս պահին որոշում ունեմ՝ չմասնակցելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իր ֆավորիտ թեկնածուն Դավիթ Խաժակյանն է, և, որ ինքը տարանջատում է նրան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից. «Ես ձայնս չեմ տալու ԼՀԿ-ին, այլ՝ Դավիթ Խաժակյանին: Սա որևէ մեկի համար նոր չէ, որովհետև ես գուցե ավագանու դահլիճը պատկերացնում եմ առանց ինձ, բայց առանց Դավիթի այդ դահլիճն իրապես չեմ պատկերացնում: Գոնե Դավիթի պարագայում, ես գիտեմ, որ իմ ձայնը տալու եմ, գնա՝ ինչ-որ խնդիրների մասին խոսի այնտեղ, ես խիստ կասկածում եմ, որ, օրինակ՝ Հայկ Մարությանը, Մանե Թանդիլյանը կամ Տիգրան Ավինյանը քաղաքապետ չդառնալու պարագայում գնալու են նստեն այդ դահլիճում և պայքարեն, բայց այսօր նրանք ժողովրդից քվե են խնդրում, որպեսզի գնան ժողովրդի խնդիրները բարձրաձայնեն: Շատ հստակ է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության գաղափարների հետ համակարծիք չեմ, դա շատ հստակ է, բայց Դավիթին տեսնում եմ ավագանու կազմում»:
Ըստ նրա՝ ժողովուրդը լավ էլ գիտակցված անում է իր ընտրությունը. «Ժողովուրդը պատերազմից հետո գնացել և ընտրել է այս իշխանություններին, որքան էլ դա ողբերգական է: Պետք է ընդամենը դուրս գալ փողոց»:
Իսկ Երևանի ավագանու ընտրությունները, նրա դիտարկմամբ, անցնելու են բավականին ցածր մասնակցությամբ. «Շուրջ 250-300 կլինի մասնակիցների թիվը: Մարդիկ իսկապես անհաղորդ են, և դա շատ վատ է: Այս մի քանի տարվա ընթացքում մի քանի քաղաքապետ փոխելը կատաստրոֆիկ սխալ էր, որովհետև յուրաքանչյուր քաղաքապետ իր հետ բերեց իր թիմը, եկեք՝ չխոսենք այդ պահի դրությամբ ընտրված քաղաքապետի մասին, նա ոչինչ չունի արած: Ես չեմ ուզում Փաշինյանին արդարացնել, բայց իմ պատկերացումներով՝ նա հավատացել է Հայկին և ինքն իր մեջ ասել, որ լավ տղա է, երևի չի խաբի, Փաշինյանն էլ մեծ սեր ունի «Կարգին հաղորդման» հանդեպ, մտածել է՝ Կարգին Հայկոն է, չի խաբի: Իմ պատկերացումներն, առնվազն, այսքանն են Հայկ Մարությանի մասին: Հիմա այդ մարդը եկել է, ջղաձիգ հայտարարում է՝ խնդրել են, որ գա»:
Հարցին՝ չի՞ կարծում, որ դա կարող է իշխանությունների խաղը լինել, նա պատասխանեց. «Չեմ կարծում, թե իշխանություններն այնքան միամիտ են, որ Հայկ խաղացնեն, դա բացառված է»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ո՞րն է այն ֆորսմաժորային իրավիճակը, որի դեպքում կմասնակցի ընտրություններին:
«Տեղս զիջելու եմ Լիլի Մորտոյին՝ ավագանու դահլիճում, շատ հումորային ընտրություններ են սպասվում: Արթնանամ՝ ուղեղս փայլատակի, սա երևի ֆորսմաժորն է, բայց վերջերս ուղեղս այդ ուղղությամբ չի փայլատակում, եթե փայլատակի, կարող եք համարել, որ դա է ֆորսմաժորային իրավիճակը: Առաջարկներ ստացել եմ մի քանի կուսակցություններից, բայց դաշտն այնքան ամուլ է, որ ո՛չ ինչ-որ մեկի հետ պատկերացնում եմ, ո՛չ չեմ պատկերացնում համագործակցություն»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում