«Ադրբեջանական կողմը երբեք թույլ չի տա բեռ հասցնենք Արցախ… «կվալտը» պիտի դրանց գլխին պահես, որ թույլ տան ապրես». Արգամ Հովսեփյան

Հուլիսի 26-19 բեռնատար հումանիտար բեռներով Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի վարչական տարածքում են, սպասում են, որպեսզի կարողանան բեռը հասցնել ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետություն։ Մինչև այս պահը Ադրբեջանն արգելում է բեռների տեղափոխումը՝ մատանցույց անելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն արդեն այցելել են Կոռնիձորի այդ հատված, տեսել են իրավիճակը, սակայն որևէ կերպ չեն կարողացել փոխել իրավիճակը։

168.am հետ զրույցում  Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց՝ չպետք է հուսալ, որ Ադրբեջանը թույլ կտա, որպեսզի հումանիտար բեռը հասնի Արցախ։

«Ադրբեջանական կողմը երբեք թույլ չի տա, մինչև մենք ուժ չգործադրենք։ Այդ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը թույլ կտա, որ բեռ հասցնենք մեր հայրենակիցներին, դա կարող է լինել միայն ու միայն ուժով։ Չեմ հասկանում՝ թշամին մեր հարյուր տարվա թշնամին է, նո՞ր ենք սկսում ճանաչել, «կվալտը» պիտի դրանց գլխին պահես, որ թույլ տան ապրես։

Կարդացեք նաև

21-րդ դարում թուրքն ավելի հայատյաց է դարձել, տեսեք, թե ինչ է կատարվել, արդեն 8 ամիս է՝ բլոկադայի մեջ է պահում 120 հազար խաղաղ բնակչի, սա 21-րդ դարի բա՞ն է։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում սովամահ անեն բնակչությանը»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Հարցին՝ չի՞ վախենում, որ իրեն կմեղադրեն պատերազմ հրահրելու մեջ, Արգամ Հովսեփյանը պատասխանեց.

«Ինչի՞ համար պետք է մեղադրեն, որ ուզում եմ իմ հայրենիքը պաշտպանե՞մ, մեր 120 հազար հայրենակից սովամահ է լինում, 30 հազար երեխա հաց չունի, պատկերացրեք։ Կներեք, բայց Երևանում դեռ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, գիտեն թե միայն սրճարաններն են, գնան սուրճ խմեն, գան տանը քնեն։ Հիմա Արցախն է, հետո Սյունիքն է լինելու, իսկ հետո հերթը հասնելու է Երևանին»։

Խոսելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի մասին, Արգամ Հովսեփյանը նկատեց՝ առհասարակ նման խոսակցությունների մեջ մտնողները գիտե՞ն, թե ինչ ճանապարհ է այն։

«Թող նայեն աշխարհագրությունը՝ Որոտան, Ջրական, Ֆիզուլի, հետո Հադրութի տրասայով գնում է, աջ կողմում Բաքվի տրասան է, ձախով մտնում է Աղդամ։ Ադրբեջանական կողմն այդ ճանապարհն առաջարկելուց, գլուխը պատին է տալիս։ Ասեմ՝ այդ ճանապարհից չեն օգտվելու, իսկ եթե սկսեցին օգտվել, ուրեմն՝ արդեն անիմաստ է ապրել Հայաստանում, առհասարակ մեր հայ կոչվելն էլ է անիմաստ»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Տեղ համայնքի տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, Արգամ Հովսեփյանն ասաց, որ նրանք շարունակում են մնալ նույն տեղում, այս պահին սադրանքի չեն դիմել։

Տեսանյութեր

Լրահոս