Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն արգելելու պահանջով հայցը կքննի դատավոր Ռոբերտ Մաքեյանը
Նիկոլ Փաշինյանին՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելն արգելելու պահանջով հայցադիմումը կքննի Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ փաստաբան, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով դատարանից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում՝ ստորագրելու փաստաթուղթ։
Նշենք, որ ՀՀ Սահմանդրությունը հիմնված է ՀՀ անկախության հռչակագրի վրա, որն էլ իր հերթին հիմնված է 1989 թ. Գերագույն խորհրդի որոշման վրա, որտեղ նշվում է Հայաստանի ու Արցախի միավորման մասին։ Գերագույն Խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ին որոշում է կայացրել, ըստ որի.
1. Հետևողական սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և բնակչության իրավունքների պաշտպանությանը։
2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային ու ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 2-ին և նույն օրը մակագրվել դատավոր Ռոբերտ Մաքեյանին։ Առ այս պահը հրապարակված չէ տեղեկություն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Ի. Ս.