Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին մեկ հիմնական ձայն է բարձր հնչում` լռության ձայնը. Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Լռությունս խախտելու պատճառը….
Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին մեկ հիմնական ձայն է բարձր հնչում` լռության ձայնը: Իր երկու տեսակներով` աղմկոտ ու անաղմուկ: Պատճառները տարբեր են` անզորությունից մինչև դեպրեսիա և այլն: Աղմուկի մեջ էլ առավելապես գերիշխում է ամեն ինչ ասված լինելու ու խոսքի բացարձակ արժեզրկման իրողությունը:
Ես նախընտրում եմ լռության անաղմուկ տեսակը, բայց խեղդող այս ապաթիայի մեջ ուզում եմ խախտել լռությունը` շնորհակալություն հայտնելու համար: Արցախում ապրող արցախցիներին: Ոչ մի բառ ավել եվ ոչ մի բառ պակաս:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ու նրա լիդերը երբեք չեն թաքցրել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ իրենց հավակնությունները: Դրանք տարբեր փուլերում մեզ թվացել են իրատեսական կամ ոչ այնքան, իրական կամ զավեշտալի, պաթոս կամ ռազմատենչ ագրեսիա, բայց դրանք երբևէ թաքուն չեն եղել: Վերջին տարիներին իշխանությունների թուլությունը ու ապաշնորհ քաղաքականությունը մեր կյանքը վերածեցին շարունակվող ու տևող մղձավանջի, որի ամեն հաջորդ օրը ավելի մեծ արհավիրք է բերում, քան նախորդը: Ինչու՞, ու՞մ պատճառով կամ ավելի շատ ում պատճառով, հատկապես ո՞ր ժամանակաշրջանի ռազմաքաղաքական էլիտայի սխալների ու քաղաքական սնանկության «շնորհիվ»- սրանք երևի մեկ այլ օրվա կամ շրջափուլի հարցեր են: Արցախի ու արցախցիների համար այս աղետալի ու էքզիստենցիալ խնդիրների առկայության փուլում, երբ իրենք գրեթե միայնակ են բոլորի դեմ կամ առաջ, ուզում եմ առանց պաթոսի, առանց դիմանալու կամ պինդ մնալու մասին անպտուղ տեքստերի, իմ պարզ, մարդկային շնորհակալությունը ուղղել այնտեղ ապրող մարդկանց: Սովորական, դժվարություններ ու զրկանքներ կրող մարդկանց` իրենց վրա այսպիսի բեռ վերցնելու համար:
Ադրբեջանական առավելապաշտական մշտական ձգտումների ու հատկապես վերջին 3 տարում ամենօրյա սպառնալիքների, ստորացումների, մահերի ֆոնին արցախցիներն են իրենց չհանձնվելու շնորհիվ երկարաձգել, թե կուզեք` հետաձգել Հայաստանի ու այստեղ ապրող նրա քաղաքացիների թվացյալ, իսկ ոմանց` իրական անհոգ կյանքը: Այն քաղաքականության ու մարտահրավերների պայմաններում, որոնք կախված են Հայաստանի գլխին, ինչքան շուտ Ադրբեջանը «լուծի» Արցախի հարցերը, այնքան ավելի արագ կանցնի Հայաստանի հարցերը «լուծելուն»: Այնպես, ինչպես սահմանը Ջաբրայիլից կտրուկ տեղափոխվեց Ջերմուկ: Իհարկե, կարելի է անընդհատ խոսել 29800 ք/կմ տարածքի ու դա պաշտպանելու մասին, բայց ունակ չլինել իրականում պաշտպանել այն, այդ տարածքի մի զգալի մասը կարող է օկուպացվել, ինչպես հիմա Հայաստանի մի մասն է այդպես օկուպացված:
Մենք պարտական ենք այնտեղ ապրող ու ապրելու ցանկություն ունեցող սովորական հայ մարդուն, ով անպատմելի ու Հայաստանում ապրողի համար անտանելի չարչարանքների գնով յուրաքանչյուր օր ավելացնում է Հայաստանի հանգիստ ապրելը: Ադրբեջանը ցանկանում է Սյունիքը, Սևանը , Երևանը, բայց ուզում է Արցախից հետո: Սա պատասխան է «Արցախը տանք`հանգիստ ապրենք» քարոզողներին, արցախցիներին օտար համարողներին: Ադրբեջանական անսանձ ու անզսպելի ցանկությունների մասին անգամ Արցախը տվողներն են խոստովանում այս կամ այն կերպ:
Ստեղծված դժվար ու ցավոտ լուծումների (եթե դրանք լուծում կարելի է համարել) իրավիճակում ամենամեծ արժեքն ու փրկությունը Արցախում ապրող մարդն է: Շանս երբևէ կարող է լինել միայն այնտեղ ապրող մարդու դեպքում: Որևէ գեոքաղաքական լուծում կարող է լինել, ծնվել, երբ կամ եթե Արցախում մարդ լինի: Մնացածը հեքիաթ է: Ուզում եմ, որ այս` հոգեբանական ու անգամ ֆիզիկական ցավ պատճառող մղձավանջի մեջ, գոնե ցանկությունս հեքիաթ չլինի:
Հ.Գ. Ես իրավունք չունեմ առաջարկներ անել կամ խորհուրդներ տալ իրենց սոված երեխաների աչքերին նայող ծնողներին, իր ծնողին ուտելիք կամ դեղ հասցնելու ոչ ունակ որդիներին ու դուստրերին: Ես կարող եմ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ իրենք կամա կամ ակամա արել են մինչ այս պահը ու լուռ ընդունել ցանկացած որոշում, որ իրենք կընդունեն: Հասկանալով, որ իրենց ընդունած որոշումը ուղիղ ազդելու է ինձ վրա ու բոլորի վրա»: