«Հայաստանի առաջնորդն ուզում է սեփական մեղքը դնել ուրիշի գրպանը. արցախահայությունը չի ցեղասպանվելու». Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Արցախի Հանրապետության Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի խոսքով՝ եթե այսօր Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է, ապա դա չի նշանակում, որ եկեղեցին չպետք է վերնորոգվի. մեկը մյուսի հետ կապ չունի։
«Մենք եկեղեցին վերանորոգում ենք՝ մեր հավատն ենք վերանորոգում։ Վերանորոգում ենք այն բացթողումները, որ երկար տարիներ՝ խորհրդային տարիներին, դրանից հետո 30 տարի չենք եկել այն գիտակցության, որ Աստծո տունը պետք է վերանորոգելով պահենք մեր տունը։ 5-րդ դարում, Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք կառուցվել է 365 եկեղեցի՝ տարվա ամեն օրվա համար։ Մի՞թե այն ժամանակ հացի խնդիր չի եղել, այսինքն՝ մեկը մյուսի հետ կապ չունի։
Եվ այսօր էլ, եթե մենք հումանիտար աղետի մեջ ենք, դա չի նշանակում, որ մենք չպետք է աղոթենք, չպետք է հողագործությամբ զբաղվենք, եկեղեցիներ չվերանորոգենք և այլն։ Նստենք-սպասենք, թե ինչպե՞ս պետք է թուրքը մեզ հալածի, կոտորի, ինչպես որ Հայաստանից ու Հայաստանից դուրս հայ կոչվածները սպասում են ցեղասպանության։ Տեսնեն, թե ինչպես ենք նորից ցեղասպանվում 21-րդ դարում, որը տեղի կունենա 2023 թվականին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և այդ իրավիճակում Հակոբավանքի վերանորոգմանը։
Տեր Հովհաննեսի գնահատմամբ՝ նման մարդիկ չեն հասկանում, որ աղետը գնալու է նաև իրենց ու իրենց երեխաների դուռը։ Հետևաբար, եթե իրենք հայ են կոչվում, ոչ թե ազգանունով, այլ գեներով, ապա պետք է բոլորը համախմբվեն և ոտքի կանգնեն։
«Հակառակ դեպքում մեր հայրերը, պապերը, սրբերը, մեր նախնիները վերևից կգան ու կասեն՝ ինչո՞ւ այս ամենն արեցինք, ինչո՞ւ արյուն թափեցինք։ Մեր զինվորները, նահատակները արյուն են թափել: Արժեզրկել են հայի անունը, պատիվը, հարգանքը։ Հայրենասիրություն բառ չկա, ոտնակոխ են արել հայ զինվորի պատիվը, և իրենք խրախճանքների մեջ են և սպասում են՝ բացառությամբ մի քանի հոգու, որ տեսնեն, թե ինչպես է ցեղասպանվում արցախահայությունը։
Սակայն արցախահայությունը չի ցեղասպանվելու, որովհետև ունեն Աստված։ Մենք հայ քրիստոնյա ենք, և դարեր, հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդն ապրել ու արարել է Արցախում, հետևաբար՝ այն լինելու է հայ ժողովրդինը, արցախցիներինը, այն հայերինը, որոնք հայ քրիստոնյա են, ոչ թե ազգանունով հայ»,- հավելեց հոգևորականը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ չպետք է հույսը որևէ այլ երկրի վրա դնել, դրա փոխարեն՝ պետք է միասնական լինի հայ ազգը։
«Հայաստանի առաջնորդն ամեն կերպ ուզում է սեփական մեղքը դնել ուրիշի գրպանը և ուզում է ասել, որ՝ Ամերիկան կգա իմ տունը, երեխաներին ու կնոջը տիրություն կանի, ես էլ կուտեմ ու քեֆ կանեմ, այդպես չէ։ Աստված երբ ստեղծեց մարդուն, տվեց ընտանիք և ասաց, որ՝ տեր կանգնիր քո ընտանիքին։ Ընտանիքը միայն կինն ու երեխան չեն, հայրենիքն էլ է ընտանիք, մեծ ընտանիք է, պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին, սա բոլորիս ընտանիքն է։
Ասել եմ՝ կգա ժամանակ, այս բոլոր խնդիրները կլուծվեն, և այն հայերը, որոնք այսպես լուռ են մնացել Արցախում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ՝ պատմաբան, հնագետ ու այլ անձինք, եթե ապրեմ, ապա նրանց չեմ թողնելու ոտք դնեն Արցախ աշխարհ։ Անարժաններն Արցախ չեն գալու, նրանք Աստծո կողմից են պատժվելու։ Այսօր Արցախն ունի 120 հազար հերոս»,- եզրափակեց Տեր Հովհաննեսը։