Արցախի նախագահը լուծում է իր անվտանգության հարցը՝ իր կողքին պահելով մարդկանց, որոնք Փաշինյանի ականջներն են. Մետաքսե Հակոբյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր.

«Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը»:

Հարությունյանը նաև նշել է, որ այդ միջոցով հնարավորինս բաց

կներկայացնի իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները, այնուհետև բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կսկսի խորհրդակցություններ՝ անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով։

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետքասե Հակոբյանը, խոսելով Արայիկ Հարությունյանի ակնարկած միջանկյալ արդյունքների մասին, նշեց, որ նման արդյունք Արցախում ապրող հայն իր մաշկի վրա չի զգում, ապա հավելեց.

«Արայիկ Հարությունյանի նման հայտարարությունը տեղավորվում է այն «կտրուկ» քայլերի տրամաբանության մեջ, որի մասին հայտարարեց մեկշաբաթյա նստացույցի ժամանակ։ Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է իր այդ գիծը՝ ցույց տալու համար, թե իր նստացույցն արդյունավետ էր։ Հարությունյանը դա անում է, որովհետև շատ քննադատվեց՝ փակելով իր աշխատասենյակի դուռն ու նստելով նստացույցի՝ հնարավորինս նվազեցնելով Արցախի սուբյեկտայնությունը»։

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի մատնանշած միջազգային դերակատարներին, ապա, ըստ Մետաքսե Հակոբյանի, Արցախի հարցում միջազգային հանրությունն իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես պահել է 44- օրյա պատերազմի օրերին, հետևապես, անիմաստ է նստել և սպասել այդ միջազգային հանրությունից իրավիճակի վրա կտրուկ ազդեցություն ունեցող գործընթացներ։

«Արցախի իշխանությունները ստեղծում են ակտիվ աշխատանքի իմիտացիա, իրականում, սակայն, այն, ինչին բախվում ենք մենք, դա նաև Արցախի իշխանության անգործության հետևանք է»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ Արցախի նախագահը պարտավոր է կոշտ հակադրվել Հայաստանի իշխանության՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականությանը, ինչը չի անում։

«Արայիկ Հարությունյանը կատարում է Հայաստանի իշխանությունների կամքը, քաղաքական հնազանդություն ունի, իրականում Արցախի համար կարևոր է, որ Արցախն ունենա այլ նախագահ։ Արցախի նախագահը պետք է հեռացվի, և Արցախում պետք է լինի այնպիսի նախագահ, որը կարողանա որդեգրել այնպիսի քաղաքական գիծ, որով կզրկի Հայաստանի ներկայիս ղեկավարին Արցախը մանրադրամի վերածելու իրավունքից։ Այլ տարբերակ չունենք։ Մեր օրակարգում Արայիկ Հարությունյանի փոփոխության հարցն է, որովհետև Արցախի իշխանությունը պարտված իշխանություն է և, հետևաբար՝ խոսում է պարտվածի դիքից։ Արցախի այս իշխանությունները պետք է չլինեն։ Արցախի նախագահը լուծում է միայն իր անվտանգության հարցը, որը կարողանում է անել Արցախի նախագահականում նստելով և իր կողքին պահելով մարդկանց, որոնք Փաշինյանի ականջներն են»,- ասաց Հակոբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս