Փաշինյանը գիտի՝ արցախցիները գալու են Երևան՝ ցասումով լցված, դրա համար նրանց պահում է Սյունիքում. Արեգա Հովսեփյան

Հայաստանի այս իշխանությունն Արցախն ամբողջությամբ թողել է միայնակ, թեև իշխանության է եկել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու խոստումներով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի իշխանության լռության ներքո Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու գործընթացի մասին, նման տեսակետ հայտնեց արցախցի Արեգա Հովսեփյանը՝ շարունակելով.

«Հայաստանի այս իշխանությունն օկուպացրել է այդ իշխանությունը, որովհետև ընտրություններին խոստացել է Արցախի անվտանգության երաշխավորը լինել, բայց ստել է, իրենց նախընտրական ծրագրում ինչ գրվել է Արցախի վերաբերյալ, ամբողջությամբ կեղծիք է։ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը»,- ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ Արցախում սեպտեմբերին սկսված հերթական պատերազմը Արցախի 10 ամիս շարունակվող շրջափակման տրամաբանական վերջաբանն էր, իսկ Ադրբեջանն այս փուլում դիմեց ռազմական գործողությունների, քանի որ Երևանի ավագանու ընտրություններով Փաշինյանին տրված 9.8 տոկոս քվեն ու վարկանիշը գալիս են փաստելու, որ Փաշինյանի գործընկեր Ալիևը շտապեց իր հարցերը լուծել, քանի դեռ իշխանության է Փաշինյանը, որի պլանները միայն Արցախը հանձնելով չեն սահմանափակվում, և վտանգի մեջ է հիմա Սյունիքը։

Կարդացեք նաև

«Հայաստանից հայտարարում են, որ պատրաստ են ընդունել Արցախի 40 հազար քաղաքացու, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Կոնկրետ 40 հազար թվի սահմանումը անբարոյականության գագաթնակետն է, երբ Արցախում Հայաստանի անձնագիր ունեցողների թիվը 120 հազար է։ Արցախում հիմա տիրող քաոսը հետևանք է Հայաստանի իշխանությունների այն հայտարարության, թե ընդունելու են 40 հազարի, և հիմա մարդիկ շտապում են, որ մտնեն այդ 40 հազարի մեջ։ Ի դեպ, ըստ հաշվարկների՝ 40 հազար է կազմում այն գյուղերի բնակիչների թիվը, որոնք այս օրերին հանձնվել են Ադրբեջանին, 68 հազար է Ստեփանակերտի բնակչության թիվը։ Հասկանալի է, որ գյուղերը լրիվությամբ դատարկվել են, և պահվելու է Ստեփանակերտը որպես թանգարանային նմուշ՝ իր բնակչությամբ։ Դա ձեռնտու է և՛ ռուսներին, որ իրենք այնտեղ մնան, և՛ Փաշինյանին, որ այդ մարդիկ չլցվեն Հայաստանի Հանրապետության հրապարակ, և՛ Ադրբեջանին, որը կասի, թե հայերը չեն գաղթել»,- ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն Արցախից Հայաստան եկողներին միտումնավոր չի կենտրոնացնում մի վայրում. ամեն ինչ անում է կենտրոնացված մի տեղում չբնակեցնելու համար։

«Այդ քաղաքականությունն ունի հեռահար նպատակ, որ արցախցիները չգան Երևան և ուժ չներկայացնեն։ Իշխանությունը գիտի՝ արցախցիները գալու են Երևան՝ սոված, ցասումով լցված. իշխանությունը վախենում է 10 ամիս սովամահության մեջ մնացած և մինչև վերջին փամփուշտը թշնամու դեմ կռված արցախցիներից։ Արցախցիներին պահում են Սյունիքում նաև նրա համար, որ այնտեղ պատերազմի վտանգը շատ մեծ է. մտածում են՝ կանցնեն մի պատերազմից մեկ այլ պատերազմով»,- ասաց Արեգա Հովսեփյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս